Շատերի համար անակնկալ
կերպով՝ նախորդ վերանայումից կարճ ժամանակ անց Կենտրոնական բանկը փոխել է սպասումները
Հայաստանի տնտեսության այս տարվա զարգացումների վերաբերյալ։ Ի դեպ՝ կրկին նույնքան
կտրուկ, որքան նախորդ անգամ։ Նշենք, որ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից
անմիջապես հետո ԿԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը 5,3-ից նվազեցրեց մինչև 1,6 տոկոսի,
հիմա 1,6-ը դարձրել է 4,9 տոկոս։ Թեև ամբողջությամբ չի վերականգնել նախկին գնահատականը,
բայց բավական մոտեցրել է դրան։
Անկասկած երեք ամսվա կտրվածքով
տնտեսական աճի ակնկալիքների այսպիսի կտրուկ նվազեցումն ու նույնքան կտրուկ բարձրացումը,
անշուշտ, ոչ մեկին պատիվ չի բերում։ Բայց դա վկայում է մի կարևոր հանգամանքի մասին՝
անորոշություններն այսօրվա տնտեսական զարգացումների հետ կապված այնքան մեծ են, որ նույնիսկ
մասնագիտացված կառույցներն են հայտնվում նման անհարմար դրության մեջ։ Թեև այնպես չէ, որ դա միայն ԿԲ-ին է վերաբերում։
Նաև միջազգային ֆինանսական կառույցներն են անհարմար իրավիճակում հայտնվել՝ տնտեսական
աճի իրենց չափից դուրս «շեղված» գնահատականների պատճառով։
Ըստ էության, դժվար չէ կռահել, թե նախորդ
կտրուկ նվազեցումից հետո, ինչո՞ւ է ԿԲ-ն որոշել
բարձրացնել տնտեսական աճի սպասումները։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ ռուս-ուկրաինական
հակամարտության հետևանքների առումով հնչած գնահատականները գոնե սկզբնական շրջանում
չարդարացան։ Հակամարտությունը որոշ իմաստով նույնիսկ դրական ազդեցություն ունեցավ ՀՀ
տնտեսության վրա, ինչը Ռուսաստանի տնտեսության նկատմամբ սկզբնական շրջանում կիրառված
համատարած պատժամիջոցների պայմաններում քչերը կարող էին պատկերացնել։ Չմոռանանք, որ
կտրուկ արժեզրկումից հետո, շատերի համար անսպասելի, նույնքան արագ արժևորվեց ռուսական
ռուբլին (ի
դեպ՝ շատ ավելի քան նախկինում էր)։ Դա իր հերթին հնարավորություն տվեց հայաստանյան
արտահանողներին շարունակել իրենց մատակարարումները ռուսական շուկայում։ Ռուբլին այնքան
է արժևորվել, որ նույնիսկ դրամի բավական լուրջ ամրապնդումը խոչընդոտ չէ արտահանման
համար։
Կարևոր է փաստել նաև,
որ հակամարտության հետևանքով առաջացան բազմաթիվ ռիսկեր, բայց նաև հնարավորություններ
բացվեցին ՀՀ տնտեսության համար։ Պատժամիջոցների պատճառով ռուսական բիզնեսի մի հատված
տեղափոխվեց Հայաստան և հիմա իր գործունեությունը շարունակում է այստեղից։ Դա էլ նպաստեց
ծառայությունների աշխուժացմանը։ Բայց հնարավորությունները միայն դրանով
չսահմանափակվեցին։ Այն կանխատեսումները, որ հակամարտության հետևանքով Հայաստանը հերթական
անգամ կկանգնի դրսից ստացվող մասնավոր փոխանցումների կրճատման խնդրի առաջ, չիրականացան։
Սպասվում էր, որ մասնավոր փոխանցումները կնվազեն 19-20 տոկոսով, Ռուսաստանից՝ ընդհուպ
40 տոկոսով։ Սակայն ստացվեց այնպես, որ տրանսֆերտները ոչ միայն չնվազեցին, այլև մեծ
տեմպերով ավելացան՝ հասնելով երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշին։ Նշենք, որ դա
տեղի ուենցավ հիմնականում ՌԴ հաշվին։
Ի դեպ՝ Հայաստան տեղափոխված
քաղաքացիները բերեցին լրացուցիչ տրանսֆերտային հոսքեր, ինչը խթանեց ներքին պահանջարկը։
Որքան էլ տրանսֆերտների մի մասն առևտրային բնույթի էին, դրանք, միևնույն է, նպաստեցին
ներքին պահանջարկի ավելացմանը։ Հաշվի առնելով այդ գործոնները՝ Կենտրոնական բանկը գնացել
է տնտեսական աճի վերանայման, թեև պահպանել է զգուշավորությունը։ Պաշտոնական տվյալներով,
տնտեսական ակտիվությունը տարեսկզբի 5 ամիսներին անցնում է 10 տոկոսից։ Չնայած դրան,
ԿԲ-ն կրկնակի ավելի ցածր գնահատական է տվել այս տարի սպասվող տարեկան աճին։ Հավելենք,
որ հաջորդ երկու տարիների ակնկալիքներն էլ գրեթե նույնն է թողել։ Սպասումների վերագնահատումների
մեջ ամենամեծ դերը հատկացվել է ծառայություններին, որը, ԿԲ մասնագետների կարծիքով,
գալիս է հիմնականում դրսից։
Ըստ էության, սպասումների առումով, ԿԲ-ն
վերջին գնահատականներում շատ բան է փոխվել։ Սակայն դրանց վրա ակնհայտ է անորոշությունների
հետքը, և դա պատահական չէ։ Բանն այն է, որ ՀՀ տնտեսության աճի գործում մեծ է եղել հատկապես
ծառայությունների ազդեցությունը, որն արտաքին գործոնների արդյունք է։ Այդ գործոնները,
որքան էլ այս փուլում նպաստել են ներքին տնտեսության առանձին հատվածների աշխուժացմանը,
նույնքան արագ կարող են կորցնել իրենց ազդեցությունը։
Արմեն Հովասափյան









