Foto

Թուրքական վախերը

Ցավալի է գոյություն ունեցող իրողությունը, սակայն Թուրքիայի իշխանությունները շարունակում են իրենց «հովանու տակ պահել» ՀՀ իշխանություններին՝ քննադատելով հայկական սփյուռքին ու ընդդիմությանը: Ինչպես հայտնի է՝ օրերս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մի շարք ուշագրավ դիտարկումներով էր հանդես եկել՝ նշելով, որ Թուրքիան ցանկանում է, որ հայ-թուրքական գործընթացը շարունակվի փուլ առ փուլ: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան «բոլոր փուլերում խորհրդակցում է և կոորդինացնում է իր գործողություններն Ադրբեջանի հետ»:

Իր խոսքում Չավուշօղլուն մասնավորեցրել է, թե Անկարան պաշտպանում է հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումը, պետք է բացել «Զանգեզուրյան միջանցքը», որը պետք է ստեղծվի Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնությունների հիման վրա, ինչպես նաև իրականացնել տրանսպորտային այլ ծրագրեր, որովհետև ուկրաինական պատերազմից հետո այս միջանցքը դարձավ ռազմավարական նշանակության: Նա ընդգծել է, որ Երևանն առայժմ պատրաստ չէ անցկացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների հերթական փուլերը: Նրա պնդմամբ՝ Հայաստանում որոշ շրջանակներ չեն ցանկանում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, և ճնշում են գործադրում Երևանի վրա, ինչն էլ խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործում: Ճնշումը թույլ չի տալիս Երևանին համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Չավուշօղլուն նշել է, որ պատրաստ են կառուցողական երկխոսության և շեշտել, թե տարածաշրջանը երկարատև խաղաղության կարիք ունի:

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքի առանցքային դրույթներից էր նաև այն, որ նա հատուկ նշել է, թե Հայաստանում որոշ ուժեր հարձակվում են Նիկոլ Փաշինյանի տան վրա, փողոցային գործողություններ են իրականացնում, լուրջ ճնշումներ գործադրում, և դա լուրջ խոչընդոտ է ստեղծում Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում»։

Այստեղ կարևոր է ընդգծել, որ հուլիսի 1-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպումը։ Պաշտոնական հաղորդագրությունում շեշտվում է, որ «կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները, պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»:

Պետք է արձանագրենք, որ թուրքական քաղաքականությունը ռեգիոնում ամենաբարդերից ու ճկուններից է, որը որևէ մեկը չի կարող հերքել: Գաղտնիք չէ, որ Թուրքիան իր ներկայիս ղեկավարությամբ կարողանում է միջազգային թատերաբեմում ամենաճկուն քաղաքականություններից մեկը վարել սեփական երկրի արտաքին քաղաքականության համար, թեև ոմանք դա համարում են արկածախնդրություն, այդ թվում՝ Թուրքիայի ներսում:

Ինչպես հայտնի է՝ 44-օրյա պատերազմով Թուրքիան ու Ադրբեջանը բարձրացրել են իրենց կշիռը ռեգիոնում և փորձում են իրականացնել իրենց տարածաշրջանային պատմական բոլոր, այսպես կոչված, ցանկություններն ու երազանքները, որոնք կարևոր են Թուրքիայի և Ադրբեջանի համար: Մենք տեսնում ենք, որ թուրքական դիվանագիտությունը պատրաստ է իր նպատակների համար դիվանագիտության համար ոչ ստանդարտ հայտարարություններ անել, գովաբանել մե՛կ Ռուսաստանին, մե՛կ Արևմուտքին կամ ՀՀ իշխանություններին, իսկ հաջորդ օրը՝ անել հակառակը:

Ի դեպ՝ թուրքական քաղաքականությունն արտացոլում է այն վախերը նաև, որոնք ունի, սովորաբար Սփյուռքը Հայաստանից դուրս աշխարհի բոլոր կետերում պայքարել է Ցեղասպանության ճանաչման համար, իսկ ընդդիմությունը կտրուկ է դիրքավորված Ղարաբաղյան հակամարտության հարցում զիջումների հանդեպ: Վստահորեն ասել, թե՝ եթե չլիներ Սփյուռքի և ընդդիմության քաղաքականությունը՝ ինչ կլիներ, կամ դա ճնշում է, թե ոչ՝ դժվար է։

Արմեն Հովասափյան