Foto

Պարզեք՝ ինչո՞վ է պայմանավորված Վարդան Ղուկասյանին բժշկական օգնություն չտրամադրելը․ փաստաբան

Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դիմել է

ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին․

«31 դեկտեմբեր, 2025 թվական

Հաղորդում

կազմակերպված խմբի կողմից խոշտանգում և այլ հանցանքներ կատարելու վերաբերյալ

Արգելանքի տակ գտնվող մարդկանց նկատմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ղեկավարության ներքո գործող զինված խմբավորումների կողմից խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի տրամաբանական շարունակությունը հայ հասարակությունը և միջազգային հանրությունը տեսնում են քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես` երբ մարդկանց զրկում են մարդկային կենցաղի տարրական պայմաններից և կենսական նշանակության բժշկական օգնությունից:

Վերոգրյալի վառ ապացույցներն են`

2025 թվականին Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված մարդկանց մահերի աննախադեպ քանակը,

կալանքի տակ գտնվող ութ ամսական Ջուլիայի կալանքի պահման պայմանները, որի պատճառով նրան հոսպիտալացրեցին, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացիա հաստատեց ՀՀ կառավարության հետ (Harutunyan et Soni c. Arménie no 20808/25),

և պարոն Ստեփան Սամվելյանի գործը, որի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայսատանի Հանրապետության դեմ որպես հրատապ միջոց որոշում կայացրեց (Samvelyan v. Armenia no. 26507/25):

Տարեվերջին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ղեկավարության ներքո գործող իրավասու պաշտոնյաները որոշել են սահմանել ևս մեկ ռեկորդ` ներկայումս «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում անօրինական կերպով պահվող պարոն Վարդան Ղուկասյանին հրաժարվում են տեղափոխել հիվանդանոց և տրամադրել համապատասխան բժշկական օգնություն:

Սարսափելի է, որ կալանավորները պահվում են անմարդկային պայմաններում` առանց տարրական դատավարական երաշխիքների, սակայն կրկնակի դատապարտելի է, երբ առկա է բժշկական հստակ ցուցում համապատասխան բժշկական օգնության վերաբերյալ, որը լկտիաբար չի իրականցվում:

2025 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից ընդունված դատական ակտի հիման վրա միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կազմված դատաբժիշկները պետք է եզրակացություն կազմեն պարոն Վարդան Ղուկասյանի առողջության վերաբերյալ: Դատաբժիշկները իրենց պարտականությունների կատարման շրջանակում իրականացրել են համապատասխան գործողություններ` այցելել են պարոն Վարդան Ղուկասյանի մեկուսարան, զննել նրան, և 25.12.2025 թվականին վերջինիս տրվել է պետական պատվերի շրջանակում ուղեգիր` (N 1082760) համապատասխան բժշկական հաստատություններում բուժօգնություն ստանալու համար: Սակայն սույն ուղեգրի պահանջը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը յոթ օր շարունակ հրաժարվում են կատարել:

Վերոնշյալ նախարարների աշխատանքային ենթակայության ներքո գտնվող հետևյալ պաշտոնյանները` Ռոբերտ Թամարյանը, Ծովինար Թադևոսյանը, Կամո Մանուկյանը շուրջ երկու ամիս ուղղակի անտեսելով պարոն Վարդան Ղուկասյանի հիմնարար իրավունքները կոպտորեն խատել են` նրա իրավունքներին և օրինական շահերին առնչվող փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրման իրավունքը, խղճի և դավանանքի ազատության իրավունքի իրականացումը, պաշտպանի հետ գաղտնի (կոնֆիդենցյալ) շփվելու իրավունքը, ինչպես նաև խոշտանգումից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը: Այս պաշտոնյաների կողմից ցուցաբերվող նման «ջանասիրության դրսևորումը» կրում է համակարգային բնույթ և վկայում է գործող իշխանության ստանձնած միջազգային պարտավորությունների մասնավորապես` խոշտանգումների և վատ վերբերմունքի չենթարկվելու բացարձակ իրավունքից էական և ընգծված շեղման մասին:

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը պահանջում եմ`

նախաձեռնել քրեական վարույթ, որի շրջանակում ստուգել և պարզել.

Ինչո՞վ է պայմանավորված Անահիտ Ավանեսյանի և Սրբուհի Գալյանի համառ և հետևողական անգործությունը պարոն Վարդան Ղուկասյանին անհրաժեշտ բժշկական օգնությունը չտրամադրելու հարցում,

Արդյո՞ք Անահիտ Ավանեսյանի և Սրբուհի Գալյանի համառ և հետևողական անգործությունը ապօրինի հրահանգի, հանձնարարականի հետևանք է,

Արդյո՞ք Անահիտ Ավանեսյանի և Սրբուհի Գալյանի համառ և հետևողական անգործության դրսևորման պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է կամ այլ անձ/անձինք,

Արդյո՞ք Անահիտ Ավանեսյանի և Սրբուհի Գալյանի համառ և հետևողական անգործության դրսևորումը պայմանավորված է ազգային, քաղաքական կամ այլ խտրական հիմքերով,

Արդյո՞ք Անահիտ Ավանեսյանի և Սրբուհի Գալյանի համառ և հետևողական անգործության դրսևորման հիմքում ընկած է նրանց վերադասի Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ Վարդան Ղուկասյանի նկատմամբ մասնավորապես վերջինիս «դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից» վերաբերյալ սպառնալիքի իրագործման փորձը:

նախաձեռնել հանրային քրեական հետապնդում` Նիկոլ Փաշինյանի, Անահիտ Ավանեսյանի, Սրբուհի Գալյանի, Ռոբերտ Թամարյանի, Ծովինար Թադևոսյանի և Կամո Մանուկյանի նկատմամբ հիմք ընդունելով նրանց կողմից առերևութ հանցանքներ կատարումը, առնվազն ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով` պաշտոնեկան դիրքի չարաշում, խոշտանգում, խտրականություն, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը»: