Վերջին շրջանում
հայաստանյան քաղաքական իրականության մեջ կրկին թևածում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների
անցկացման թեման։ Դատելով թեման շրջանառողների մերձիշխանական պատկանելությունից, այդ
հարցը փորձում է քաղաքական օրակարգ բերել Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող շրջապատը։
Այդ հանգամանքը իր հերթին նշանակում է, որ արտահերթ ընտրությունները նա համարում
է իր իշխանությունը երկարաձգելու ու ավելի ամրապնդելու հնարավորություն։
Հանուն արդարության
պետք է փաստենք, որ ստեղծված իրավիճակի նրբությունն այն է, որ արտահերթ ընտրություններն
իրականում անհրաժեշտություն են, քանի որ երկրում տևական ժամանակ է՝ կա քաղաքական, իսկ
վերջին իրադարձություններից հետո՝ նաև խորհրդարանական ճգնաժամ՝ գործող ԱԺ-ն ամբողջությամբ
կորցրել է քաղաքական ֆունկցիոնալությունը։
Սակայն, ըստ էության, արտահերթ ընտրություններ
կազմակերպելու հարցում Նիկոլ Փաշինյանին մոտիվացնում
է ոչ թե քաղաքական ու խորհրդարանական ճգնաժամը հանգուցալուծելու, այսինքն՝ պետության
օգտին քայլ կատարելու անհրաժեշտությունը, այլ սեփական իշխանության ամրապնդման մանր
հաշվարկը։ Ինչպես հայտնի է՝ նա ցանկանում է ընտրություններ անցկացնել իր սցենարով,
իր խաղի կանոններով՝ պահպանելով իշխանությունը ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցան նախորդ
տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ունենալով տոտալ վերահսկողություն
ուժային կառույցների, պետական կառավարման մարմինների նկատմամբ` հերթական արտահերթ
խորհրդարանական ընտրությունների անցկացումը որևէ դժվարություն չի ներկայացնելու Փաշինյանի
համար։
Եթե ներկայացնենք
այլ բնորոշմամբ, ապա՝ արտահերթ ընտրությունը նրա համար ոչ թե մարտահրավեր է, այլ հնարավորություն՝
պողպատյա մանդատը, ասենք, «չուգունե քվեով» փոխարինելու ու իր «լեգիտիմությունը վերահաստատելու»
տեսանկյունից։ Արտահերթ ընտրությունը Նիկոլի պատրաստած մեծագույն ծուղակն է, որին մաս
կազմելու դեպքում քաղաքական ուժերը նպաստելու են նրա իշխանության «չուգունացմանը»։
Այլ կերպ ասած՝ արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունը մարտահրավեր է ոչ թե
իշխանության, այլ առաջին հերթին՝ ընդդիմության համար։ Մասնակցել այդ ընտրություններին՝
նշանակում է՝ ի սկզբանե վերալեգիտիմացնել Փաշինյանին։ Մյուս կողմից՝ մերժել այդ ընտրություններին
մասնակցությունը, առնվազն աշխարհի համար կնշանակի՝ ցուցաբերել ապակառուցողականություն
և մարգինալություն, հատկապես, որ Նիկոլը կարող է ապահովել իր «հյուրանոցային ընդդիմադիրների»
ակտիվ մասնակցությունն ընտրություններին՝ միջազգային հանրությանը ցույց տալով «հայկական
ժողովրդավարության գերմրցակցայնությունը»։
Ի դեպ՝ հիշյալ
սցենարը միայն Նիկոլ Փաշինյանին վերագրելն անհամարժեք կլինի, քանի որ իրականում նշված
սխեմայով նրա իշխանության ամրապնդման շահառուները բազմաթիվ են՝ սկսած փաշինյական իշխանությանը
երբեմն՝ ուղղակի, երբեմն՝ քողարկված աջակցող հավաքական Արևմուտքից, Եվրոպայից, վերջացրած
այլևս անթաքույց նրան սատարող Թուրքիայով ու Ադրբեջանով։ Իսկ ամենամեծ խնդիրն այն է,
որ Փաշինյանի դեմքով հանդես եկող աշխարհաքաղաքական այս կոնսենսուսի լիարժեք շահառու
է նաև Ռուսաստանը, ում հետ ընդդիմության ու նաև հանրության մի մասը՝ մոլորության մեջ
գտնվելով, փաշինյանական իշխանությունից ազատվելու հույսեր է կապում։
Վստահաբար կարող ենք արձանագրել,
որ հենց բոլոր այս աշխարհաքաղաքական կենտրոններն են իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանության
հովանավորներն ու երաշխավորները, առանց որոնց նա մեկ ժամ ավելի չէր կարող պահպանել
իշխանությունը։ Իսկ դա նշանակում է, որ նաև արտահերթ ընտրություններով Փաշինյանի իշխանության
«վերալեգիտիմացմամբ» շահագրգիռ են տարածաշրջանային գրեթե բոլոր խաղացողները, այդ թվում՝
Թուրքիան ու Ադրբեջանը։ Հետևաբար՝ արտաքուստ որպես Նիկոլ Փաշինյանի լարած ծուղակ թվացող
այս սխեման իրականում շատ ավելի լուրջ ճարտարապետներ կարող է ունենալ։
Գաղտնիք չէ, որ
սա փակուղային իրավիճակ է բոլոր իրական ընդդիմադիր ուժերի համար, քանի որ մասնակցությունը
նշանակելու է Նիկոլ Փաշինյանի լեգիտիմացում, բոյկոտը՝ քաղաքական լուսանցքայնացում (մարգինալացում)։
Հետևաբար՝ բոլոր այդ կուսակցությունները, ոչ թե իշխանությանը մաս կազմել ցանկացողները,
այլ երկրի մասին իրապես մտահոգ ուժերը, պետք է անեն առավելագույնը՝ հասնելու համար
արտահերթ ընտրությունների անցկացման, սակայն, առանց Փաշինյանի։ Նշենք, որ դրա համար
կա բավարար քաղաքական գործիքակազմ, այդ նպատակին հասնելը դժվար, բայց իրատեսական է։
Ավելի կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերի ու դրանց առաջնորդների մոտ դժվար, բայց
պետության շահերից բխող ճանապարհն անցնելու անհրաժեշտության գիտակցումը գերակայի իշխանությունից
մասնաբաժին ստանալու հեշտ, բայց հակապետական մտածելակերպից։
Ասվածի այլընտրանքը
լինելու է այն, որ բոլորը հայտնվելու են Նիկոլ Փաշինյանի ծուղակում, որը կործանարար
կարող է լինել ոչ միայն ու ոչ այնքան՝ քաղաքական համակարգի, որքան՝ պետության համար։
Արմեն Հովասափյան









