Սահմանազատման գործընթացը երկար ժամանակ է պահանջում։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը`պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացին վերաբերող հարցին, գրում է trend.az գործակալությունը։
«Մի կետ նշեմ. մինչ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեղ սահմանային հանձնաժողովի ստեղծումը, Հայաստանը պահանջել է զորքերը դուրս բերել սահմանամերձ շրջաններից։ Բայց Ադրբեջանը դրսևորել է սկզբունքային դիրքորոշում, և զորքերը մնացին իրենց տեղում»,- ասել է Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստի օրը դեռևս հայտնի չէ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում։
Աղբյուրը՝ Tert.am