Պաշտպանության նախարարության առաջարկած նախագծով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացնելիս նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Առաջարկվում է հստակեցնել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ու Պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը՝ այդ առումով ԶՈՒ ապահովումների գործընթացում Պաշտպանության նախարարությանը վերապահելով բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը: ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե նախատեսվում է որպես Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ համապատասխան առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում»,-ասաց նախարարը:
Ըստ նախարարի՝ առաջարկության նպատակն է բարձրացնել ղեկավարման արդյունավետությունը: Աշխարհազորի համակարգի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի փոխարեն աշխարհազորի անմիջական ղեկավարման գործառույթը վերապահվում է ԶՈՒ գլխավոր շտաբի տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարությանը:
Ամրագրումների գործընթացի հստակեցման նպատակով սահմանվում է, որ ամրագրման ենթակա են զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպություններում աշխատող, այն պաշտոններ զբաղեցնող և մասնագիտություններ ունեցող աշխատողները, որոնց գործունեությունը չի կարող դադարեցվել համապատասխան կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու համար: Հստակեցվում է զորահավաքային զորակոչի ոչ ենթակա զինապարտների շրջանակը:









