ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
Աշտարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:05-ին:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել ժամը 09:03-ի սահմաններում, նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը մահացել է:
ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն:
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաապարանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
ԱԻՆ-ից հայտնել են, որ բանկի աշխատակիցներ, տուժածներ Հ. Կ.-ն (ծնված 1991 թ․), Հ. Չ.-ն (ծնված 1996 թ․), Լ. Ա.-ն (ծնված 1996 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1972 թ․), Հ. Խ.-ն (ծնված 1978 թ․), Լ. Շ.-ն (ծնված 1996 թ․) և Ռ. Խ.-ն (ծնված 1963 թ․) հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ Հ․Կ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ․ Չ.-ինը, Հ․ Խ.-ինը, Լ․ Շ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Լ․ Ա.-ինը և Ա․ Մ.-ինը՝ բավարար: Հ․ Չ.-ն, Հ․ Խ.-ն և Լ․ Շ.-ն տեղափոխվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, Ռ․ Խ-ն մահացել է։
Բանկի մասնաճյուղի արխիվային սենյակում այրվել են փաստաթղթեր (մոտ 4 խմ), վնասվել սրահում գտնվող հաճախորդների սպասարկման պատուհանները, դուռը, ներսենյակային պատը (մոտ 30 քմ), բանկի մոտակայքում կայանած «Mazda», «Opel» և երկու «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, հարակից տարածքում գտնվող ավիատոմսերի սրահի պատուհանը։









