Foto

Դավիթ Տոնոյանն ասելու բան ունի՞

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որով հայտնել է, որ օգոստոնի 8-ին կայանալիք հերթական դատական նիստում միջնորդելու են մասնակիորեն վերացնել նրա տեսակցությունների վրա դրված արգելքը՝ թույլատրելով ԶԼՄ ներկայացուցչների հետ տեսակցությունը։

Տոնոյանի ձերբակալությունից, ապա մեղադրանք առաջադրելուց հետո նրա փաստաբանական խումբը  հայտարարություն տարածեց, որում ասվում էր․ «ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»։  Ինչպես այս, այնպես էլ Տոնոյանի փաստաբանական խմբի մյուս հայտարարություններում հստակ մեսիջներ կան՝ ուղված ՀՀ իշխանությանը։ Սակայն շուրջ մեկ տարի կալանքի տակ մնալու և լռելու պատասխանը պաշտպանության նախարար չստացավ, ավելին՝ այս տարվա հունվարին դատարանը կրկին մերժեց կալանք խափանման միջոցը գրավով, ապա անձնական երաշխավորությամբ փոխարինելու պաշտպանների միջնորդությունը։

Սրանից հետո Տոնոյանի կողմից Փաշինյանին ուղղված ազդակներն ավելի ուղիղ դարձան։ Նախ փաստաբանական խումբը հայտարարեց, որ պահանջելու են դռնբաց դատական նիստ, քանի որ կարևոր ապացույցներ են ներկայացնելու, որոնք պիտի ապացուցեն իրենց պաշտպանյալի անմեղությունը, ապա խոսվեց հարցումներով ստացած ապացույցների մասին, հիմա էլ՝ լրատվականների հետ շփման մասին։

Ստացվում է, որ պետական շահը սեփականից վեր դասող և հանրությունից շատ բաներ թաքցնող նախկին նախարարը ցանկություն ունի լրագրողների հետ զրուցելու և բնականաբար խոսելու նրա մասին, ինչի մասին լռում էր։ Սա, իհարկե, հերթական մեսիջն է Փաշինյանի իշխանությանը, հատկապես քաղաքական այս ճգնաժամային իրավիճակում։ Դավիթ Տոնոյանի խոսքը կարող է շրջադարձային լինել և փողոց հանել շատ ավելի լայն զանգվածների։  

Դատական հերթական նիստը հետաձգվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ և նշանակվել է շուրջ 2 ամիս անց։ Հավանաբար այս ընթաքում իշխանությունն ու Տոնոյանը կսկսեն բանակցել և սակարկել։ Իհարկե, ընդդիմությունն էլ է փորձելու բանակցությունների կողմ դառնալ։  

Ամեն դեպքում ժողովրդավարությունը որպես բրենդ հռչակած իշանության օրոք նման միջնորդության մերժումն անհասկանալի է։

Հեղինակ: Աննա Ավետիսյան