Հունիսի 3-ին, բավական դեմոնստրատիվ ձևով, Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական
համալսարանի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին: Եթե մի փոքր բացենք փակագծերը,
ապա ակնհայտ երևում էր, որ նա այդ արարողությանը մի այլ տիպի էնտուզիազմով էր ներկայացել՝
աչքերը փայլում էին, իր բառերով ասած՝ «հոգին փառավորվում»։
Բուհական սովորական և հերթական միջոցառմանը, սակայն, հատուկ
ընդգծված մասնակցություն են ունեցել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՊՀ խորհրդի
նախագահ Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բուհի բարերարներ,
հայտնի շրջանավարտներ, ինչպես նաև ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, այս տարվա
շրջանավարտներն ու նրանց ծնողները:
Այստեղ հարկավոր
է կատարել մի կարևոր արձանագրում. հետևելով Փաշինյանի վերջին 4 տարիների գործողություններին՝ չենք հիշում մի
դրվագ, երբ նա մասնակցեր կրթական նման մի իրադարձության։ Ավելին, էլ ավելի ուշագրավ
է այն, որ հայաստանյան այլ բուհերի շրջանավարտների հանդիսավոր միջոցառումներին երբևէ
չմասնակցած Նիկոլը մասնակցում էր հենց այն բուհի շրջանավարտների ավարտական երեկոյին,
որի Հոգաբարձուների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է, ով միջոցառման ողջ ընթացքում Փաշինյանի
կողքից ոչ մի վայրկյան չէր հեռանում:
Առաջին հայացքից
ընթերցողի համար գուցե այս փաստը ոչ այնքան էական ու խոսուն հանգամանք թվա, սակայն
տվյալ դեպքում կարևոր է փաստել, որ հենց Ավինյանն է համարվում
իշխանության կողմից համարվող Երևանի քաղաքապետի թեկնածուն, որը կառաջադրվի մյուս տարի
նախատեսված Երևանի համայնքապետի ընտրություններին։
Ըստ էության, մամուլում հրապարակված
տեսանյութից և լուսանկարներից հստակ երևում է, որ Փաշինյանն արդեն սկսել է զբաղվել
իր թիմի քաղաքապետի թեկնածուի քարոզարշավով և հանդիսավոր սկսել է տիրաժավորել նրան
որպես «քաղաքի տղա»։
Արմեն Հովասափյան









