Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնական շրջանում հայտարարվեց, որ այդ երկրներից,
հատկապես՝ ՌԴ-ից, մեծ թվով քաղաքացիների հոսք է սկսվել Հայաստան։ Նշվում է նաև, որ
այդ քաղաքացիները տեղափոխվել են և մտադիր են հաստատվել Հայաստանում։ Ըստ էության, պարզվում է, որ
այդ հայտարարությունները խիստ չափազանցված էին։ Պաշտոնական տվյալները վկայում են, որ
տեղափոխվածների շատ քիչ մասն է մնացել Հայաստանում, մյուսները վերադարձել
են կամ տեղափոխվել երրորդ երկրներ։
Պետք է արձանագրենք,
որ ընթացող հակամարտությունից հետո իսկապես Ռուսաստանից քաղաքացիների հոսքն ավելացել
է, սակայն այնպես չէ, որ մինչ այդ ընդհանրապես չէին գալիս։ Չմոռանանք, որ ռուս-ուկրաինական
պատերազմից առաջ ևս Ռուսաստանից տասնյակ-հազարավոր քաղաքացիներ են եկել Հայաստան։ Օրինակ՝ այս տարվա հունվարին,
երբ դեռևս չէր սկսվել հակամարտությունը, Ռուսաստանից Հայաստան է եկել այդ երկրի 47
հազարից ավելի քաղաքացի։ Ընդգծենք, որ շատ ավելին գնացել է, քան եկել։ Նույն հունվարին,
պաշտոնական տվյալներով, Հայաստանից մեկնել է Ռուսաստանի 55 հազարից ավելի քաղաքացի
(մեկնողները գրեթե 8 հազարով ավելին են եղել, քան ժամանողները)։ Փետրվարին պատկերը
մի փոքր փոխվել է՝ եկողներն ավելի շատ են եղել, քան գնացողները։ Տարբերությունը
1,5 հազարի շրջանակներում է։
Նշենք նաև, որ
հակամարտության մեկնարկից հետո եկողների որոշակի ակտիվություն նկատվել է։ Պաշտոնական
տվյալներով, մարտին Ռուսաստանից Հայաստան է եկել գրեթե 55 հազար քաղաքացի։ 8 հազարով
ավելի շատ, քան եկել էր հունվարին, և շուրջ 15 հազարով շատ, քան փետրվարին։ Ավելին,
երբ պարզ դարձավ, որ հակամարտությունն արագ չի ավարտվելու, ապրիլին ՌԴ-ից Հայաստան
է եկել այդ երկրի շուրջ 55 հազար քաղաքացի։ Ըստ էության, երկու ամսում
ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 110 հազար քաղաքացի։ Նախորդ 2 ամիսներին
եկել էր 87 հազար, տարբերությունը ստացվում է 23 հազար։ Եթե նույնիսկ չլիներ հակամարտությունը,
եկողների թիվը, միևնույն է, ավելանալու էր։
Եթե խոսենք էլ
ավելի ռեալ փաստերով, ապա մարտին ՌԴ-ից Հայաստան է եկել շուրջ 55 հազար քաղաքացի, գնացել
է ավելի քան 44 հազարը։ Ապրիլին էլ գնացել է ավելի քան 48 հազարը։ Այլ կերպ, այս երկու
ամիսներին տարբեր նպատակներով Հայաստան եկած 110 հազար ՌԴ քաղաքացիներից 92 հազարը
կրկին դուրս է եկել մեր երկրից։ Տարվա կտրվածքով այդ թիվն ավելի փոքր է։ Տարեսկզբի
4 ամիսներին ՌԴ 197 հազար քաղաքացի է եկել, գնացել է գրեթե 186,5 հազարը։ Ըստ էության,
հենց այդքան քաղաքացի է Ռուսաստանից տեղափոխվել և ժամանակավոր կամ մշտական հաստատվել
Հայաստանում։
Այն փաստը, որ
ՌԴ-ից եկածների մեծ մասը հեռացել է, վկայում է նաև անշարժ գույքի շուկայում մի պահ
սկսված աժիոտաժից հետո հաստատված հանգստությունը։ Բնակարանների վարձակալության գները,
որոնք Ռուսաստանից քաղաքացիների հոսքերի ավելացման հետևանքով մի պահ «թռան», կրկին նվազել
են։ Ըստ էության, չկա այլևս նախկին բարձր պահանջարկը։ Վարձակալության գները, իհարկե,
չեն իջել առաջվա մակարդակին, բայց բավական նվազել են։ Պատճառն այն է, որ տեղափոխվածների
մեծ մասը գերադասեց չմնալ Հայաստանում։ Վարձակալության գների արհեստական բարձրացումը
բերեց նրան, որ շատերը հիասթափված հեռացան։ Երկիրը մեծ օգուտներ կարող էր ստանալ այս
իրավիճակից, բայց իշխանություններն այդպես էլ չկարողացան օգտվել դրանից։
Այնուհանդերձ
Ռուսաստանից եկած մի քանի հազար քաղաքացիներ շարունակում են մնալ Հայաստանում։ Նրանց
մի մասն աշխատում է այստեղից։ Խոսքը հատկապես ՏՏ ոլորտի ընկերությունների ու մասնագետների
մասին է, բայց հավանաբար շուտով նրանք ևս կհեռանան։ Այս անգամ պատճառը դրամի արժևորումն
է, որը մեծապես հարվածում է ՏՏ ոլորտում գործող ընկերություններին։ Բանն այն է, որ
դրանք աշխատում են գերազանցապես դրսի պատվերներով, եկամուտներն էլ
գոյանում են հիմնականում դոլարով և եվրոյով։
Բանն այն է, որ
հայկական ֆինանսական շուկայում դոլարի և եվրոյի էժանացման հետևանքով այդ ոլորտում գործողները
կորցնում են իրենց եկամուտները։ Եթե նախկինում մատուցված ծառայության դիմաց ստացվող,
պայմանական ասած, 1 մլն դոլարը փոխարկում էին և ստանում 480-490 մլն դրամ, վճարում
էին աշխատավարձ, հարկեր և կատարում մյուս ծախսերը, հիմա ստանում են 420-430 մլն դրամ։
Այն եկամուտները, որոնք մնում էին կազմակերպություններին, այլևս չեն մնում։ Փաստացի, իրականությունն
այն է, որ նախկինում 15 տոկոսից ցածր շահութաբերությամբ աշխատող կազմակերպությունները
նույնիսկ վնասով են աշխատում։ Ստիպված են աշխատավարձ իջեցնել, ինչը նպատակահարմար չի
համարվում՝ հաշվի առնելով մասնագետների բարձր պահանջարկը, կամ այլ, ավելի հարմար վայր
գտնել գործունեությունը շարունակելու համար։ Չի բացառվում, որ սա առաջիկայում կարող
է դառնալ Հայաստանում հաստատված ռուսական ՏՏ բիզնեսի ու մասնագետների տեղափոխման հերթական
շարժառիթը։
Ի դեպ՝ տարբեր
շրջանակներում արդեն խոսվում է, որ ոլորտի որոշ ընկերություններ կանգնած են փակման
վտանգի առաջ։ Խնդիրները սրվել են հատկապես փոքրերի մոտ։ Խոշորները, որոնց հնարավորություններն
ավելի շատ են, դիմանում են ու դեռ կարող են դիմանալ։ Ըստ էության, փոքրերի պարագան
այլ է։ Նման դեպքերում նրանք չեն կարողանում երկար աշխատել վնասներով։
Արմեն Հովասափյան









