Foto

Կառավարության նիստի հերթական «բլթոցը»

Օրերս կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանում աշխատատեղերի ու աշխատավարձերի հերթական «պատմական» ու «բացարձակ» ռեկորդների մասին։ Թե ռեկորդները որքանո՞վ են ռեկորդ, մի կողմ թողնենք, բայց, երբ մի փոքր խորանում ենք հայտարարված ցուցանիշների մեջ, տեսնում ենք, որ գործ ունենք մի իսկական շիլաշփոթի հետ։ Թե ո՞վ է եփում այդ շիլան ու հրամցնում Փաշինյանին, վերջինս էլ՝ հասարակությանը, դժվար է ասել։ Սա առաջին նման դեպքը չէ, երբ հայտարարվում են ցուցանիշները, որոնք ոչ մի կերպ չեն համընկնում իրար հետ։

Ըստ էության, Փաշինյանը նշել էր, որ մայիսի ընթացքում նոր պատմական բացարձակ ռեկորդ ունենք Հայաստանում գրանցված վճարովի աշխատատեղերի առումով։ Մայիսին Հայաստանում արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ։ Այստեղ մի պահ կանգ առնենք և մի քանի մաթեմատիկական հաշվարկներ անենք։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը չնշեց, թե Հայաստանում քանի աշխատատեղ է եղել 2021թ. մայիսին, մի փոքր հետհաշվարկ կատարենք։ Դրա համար պետք է ընդամենն այս տարվա մայիսի 673 հազար 224 աշխատատեղից հանել այն ավելացած 38 հազար 273 աշխատատեղը, որը առաջացել է վերջին մեկ տարվա ընթացքում։ Կստացվի, որ 2021թ. մայիսին Հայաստանում եղել է 634 հազար 951 աշխատատեղ։

Ի դեպ՝ այս թիվը կարևոր է հասկանալու համար, թե անցած մեկ տարվա ընթացքում ինչպես է փոխվել աշխատավարձի ֆոնդն ու միջին աշխատավարձի չափը, որի մասին կառավարության նիստում խոսում էր Փաշինյանը։

Նույն նիստի ժամանակ նա նաև շեշտել էր. «Հաջորդ կարևոր նորությունը, որը նույնպես ռեկորդային ցուցանիշ է, աշխատավարձի ֆոնդն է։ Մայիսին այն կազմել է 160 մլրդ 56 մլն դրամ, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավել է 4 մլրդ 531 մլն դրամով, իսկ 2018թ. համեմատ ավել է 63 մլրդ 369 մլն դրամով կամ 65 տոկոսով»։

Դատելով նրանից, որ այս տարվա մայիսին աշխատավարձի ֆոնդը եղել է 160 մլրդ 56 մլն դրամ և անցած տարվա համեմատ ավելացել է 4 մլրդ 531 մլն դրամով, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, կնշանակի, որ 2021թ. մայիսին աշխատավարձի ֆոնդը Հայաստանում կազմել է 155 մլրդ 525 մլն դրամ։

Ստացվում է՝ 2022թ. մայիսին եղել է 673 հազար 224 աշխատատեղ՝ 160 մլրդ 56 մլն դրամ աշխատավարձային ֆոնդով, 2021թ. եղել է 634 հազար 951 աշխատատեղ՝ 155 մլրդ 525 մլն դրամ աշխատավարձային ֆոնդով։ Ըստ այդմ՝ որպեսզի իմանանք, թե անցած և այս տարի ինչքան է եղել միջին աշխատավարձը, ընդամենը պետք է մի գործողություն կատարել՝ աշխատավարձի ֆոնդը բաժանել աշխատողների թվի վրա։ Արդյունքում կստանանք, որ 2022թ. մայիսին միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 237 հազար 745 դրամ։ Նույն գործողությունը կատարելով անցած տարվա մայիսի դեպքում՝ ստանում ենք միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 244 հազար 940 դրամ՝ 7 հազար 195 դրամով ավել, քան այս տարվա մայիսին։

Մի պահ կանգ առնենք և հիշենք, թե ինչ էր ասել Փաշինյանը միջին աշխատավարձի մասին. «Միջին ամսական աշխատավարձը 2022թ. մայիսին կազմել է 237 հազար 745 դրամ, որը 2021թ. մայիսի նկատմամբ ավել է 25 հազար 592 դրամով կամ 12 տոկոսով»։

Եթե սա ճիշտ է, ապա անցած տարվա մայիսին միջին աշխատավարձը Հայաստանում պիտի կազմած լիներ 212 հազար 153 դրամ։ Բայց դա ոչ մի կերպ չի տեղավորվում աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ նույն Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ցուցանիշի մեջ, որով ստացվում է, որ անցած տարվա մայիսին միջին աշխատավարձը եղել է 244 հազար 940 դրամ։ Տարրական մաթեմատիկական յուրաքանչյուր անհատի համար ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ բան հաստատ այնպես չէ։ Այլ կերպ ասած՝ հրապարակված ցուցանիշներից մեկը միանշանակ սխալ է։ Այնուհանդերձ, որքան էլ զարմանալի ու տարօրինակ թվա, բայց դրանց կառավարության նիստում ոչ մեկը ուշադրություն չդարձրեց, ու ստացվում է, որ Նիկոլը նույն բանի մասով իրարից տրամագծորեն տարբեր թվեր է հնչեցնում՝ հավանաբար չիմանալով նաև, որ դրանք հակասում են իրար։

Հատկանշական է այն, որ այդ ցուցանիշները պաշտոնական վիճակագրության մեջ այնպես չեն երևում, ինչպես ներկայացվում է կառավարության նիստերի ժամանակ։ Բացի այդ՝ աշխատատեղերի ու աշխատավարձերի վերաբերյալ ամսական տվյալները սովորաբար պաշտոնական վիճակագրությունն ավելի ուշ է հրապարակում, քան հրապարակում են Փաշինյանն ու կառավարության որոշ անդամներ։

Ցավով արձանագրենք, որ հայաստանյան իրականությունը բավական դաժան է ու քաոտիկ, քանի որ երկրի ղեկավար կոչվածը նման, առաջին հայացքից, անմեղ թվացող անճշտություններ է հնչեցնում կառավարության նիստում։ Սա խոսում է այն մասին, որ հերթական անգամ գործ ունենք անպատասխանատու ու անլուրջ վերաբերմունքի դրսևորման հետ։

Արմեն Հովասափյան