Foto

Ստեղծում են օրենքներ, որ դրանցով զսպեն լրատվականների աշխատանքը․ 5-րդ ալիքի տնօրենը՝ տուգանքի մասին

 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի շրջանակներում և տեսագրության մշտադիտարկման արդյունքում պարզել է, որ «Շարկ» Ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի կողմից «Հայլուր» լրատվական թողարկումների ժամանակ նույն թեմայի մասին լուսաբանումը՝ ընդդիմության ակցիաների, այդ թվում՝ երթերի, ելույթների, հանրահավաքների վերաբերյալ կազմել է՝ 47%-ից մինչև 91,6 %, որի թույլատրելի սահմանը օրենքով պետք է կազմի հաղորդման եթերաժամի 25 %-ը, ինչպես նաև լրատվական, հասարակական-քաղաքական և վերլուծական ուղղվածության հաղորդումներում չի ապահովել բազմակարծության սկզբունքը, բազմակողմանի լրատվությունը, ինչպես նաև չի առաջնորդվել լրատվության անաչառության, բազմակարծության և անկողմնակալության ապահովման գերակա սկզբունքով: 5-րդ ալիքը տուգանվել է նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով՝ 200 000դրամով։

Ընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց․ «Տեսալսողական մեդիայի համար ընդունված օրենքում մի շարք բացեր կան, որի պատճառով էլ լրատվամիջոցն իր աշխատանքը կատարելու ընթացքում խախտում է օրենքը։ Մենք լրատվամիջոց ենք, իսկ հանրապետությունում կատարվում են իրադարձություններ, հիմա մենք դա պիտի լուսաբանե՞նք, թե՞ բավարարվենք 25 տոկոս լուսաբանումով։ Եթե այդ 25 տոկոսն անցնի լուսաբանումը դադարեցնե՞նք։ Դա Ազգային ժողովի «պրոֆեսիոնալների» ընդունած օրենքն է։ Այս հարցում ՀՌԱՀ-ը ճիշտ է, բայց մենք էլ մեր գործունեության մեջ ենք ճիշտ։ Այստեղ կարևորն այն է, որ կա օրենք, որը գրված է ի վնաս լրատվամիջոցների»։

Հարությունյանի խոսքով լրատվականները նման խնդիրների ավելի շատ են բախվելու նոր օրինագծի ընդունումից հետ, որն այս պահին դրված է շրջանառության մեջ։ Հեռուստաընկերության տնօրենը վստահ է, որ օրինագիծը կընդունեն, իսկ դրանից հետո, ասում է, կամ շատ ծանր պայմաններում ենք աշխատելու, կամ էլ ընդհանրապես չենք աշխատելու։ «Ստեղծում են օրենքներ, որ դրանցով զսպեն լրատվականների աշխատանքը։ Այստեղ ՀՌԱՀ-ի հարցը չի։ Օրենքը դրված է իր սեղանին, տեսնում է խախտում կա, պատժում է։ Ես ՀՌԱՀ-ին չեմ մեղադրում՝ մեր խնդիրները նոր կառավարության ընդունած օրենքների մեջ է։ Օրենք են գրում մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ լրագրության հետ որևէ աղերս չունեն։ Ես չեմ խոսում որևէ կայքում մի քանի տող գրած մարդկանց մասին, այլ՝ պորֆեսիոնալների։ Մեր վիճակը բարդանում է հենց այդ չօրենքներից։  Կարող էր ՀՌԱՀ-ը չտեսնել դա, բայց ինչո՞ւ չտեսներ եթե կա օրենքի խախտում»,- նշեց Հարությունյանը։

Դիտարկմանը՝ թե  նույն սկզբունքով նույն օրենքի խախտումը ՀՌԱՀ-ը չի տեսնում այլ հեռուստաընկերությունների մոտ՝ Հանրային, Նոր Հայաստան, FreeNews և այլն, Հարություն Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանել և զուգահեռներ անցկացնել, եթե հարցը վերաբերում է գործընկերներին։

ՀՌԱՀ-ի որոշումն այս դատական համակարգում բողաքարկելն  5-րդ ալիքի տնօրենն անիմաստ է համարում։

Հեղինակ: Աննա Ավետիսյան