Վերջին շրջանում
չտեսնված երևույթներ են տեղի ունենում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ։ Բնապահպանական
այս բացառիկ տարածքում որսագողության մասին լուրերը, որ տարածվում էին հատկապես Արարատի
մարզի Վեդի խոշորացված համայնքի բնակիչների շրջանում, համեմվեցին նաև բուն փաստերով՝
Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրություններով։
Հունիսի 2 - ին լրատվամիջոցները,
Ոստիկանության հաղորդագրությանը հղում կատարելով,
հայտնեցին «Խոսրովի անտառում» նման մի դեպքի մասին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի
կայքում դեպքի վայրից համապատասխան
լուսանկարներով լուր հրապարակվեց Կարմիր գրքում
գրանցված սատկած բեզոարյան այծի հայտնաբերման մասին։ Հրապարակված նկարներում էգ բեզոարյան
այծ էր, հավանաբար՝ հղի։
Վզի հատվածում պարզ երևում էին կտրվածք-անցքեր,
որոնք ենթադրաբար հրազենային վնասվածքի հետևանք կարող էին լինել։ Սատկած կենդանին ջրագծում
էր հայտնաբերվել՝ Վեդու Ուրցաձոր համայնքի և Խոսրովի արգելոցի հարևանությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով,
ոստիկանություն ահազանգած Մանուկ Մ.-ն աշխատում է «Վայրի բնություն և մշակութային արժեքների
պահպանման հիմնադրամում»: Այս հիմնադրամի ղեկավարը աղմկահարույց իրադարձություններով
հայտնի Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանն է, իսկ այծը գտնվել
էր այդ հիմնադրամի Կենդանիների ապաստարանի մոտակայքում։ Լուրի տարածվելուց հետո հավանական
որսագողության վերաբերյալ սլաքները պտտվեցին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ուղղությամբ։ Շրջակա միջավայրի նախարարության
ու համապատասխան այլ բնապահպանական գերատեսչությունների, այդ թվում նաև «Խոսրովի անտառ»
պետարգելոցի կողմից իրարամեժ հաղորդագրություններ տարածվեցին։ Սկզբում խոստանում էին անցկացնել կարմիրգրքյան կենդանու անկման
պահով մանրամասն հետազոտություններ, հետո պարզաբանումներ էին տարածում, թե անկած կենդանուն
արգելոցի տարածքում չեն հայտնաբերել, այլ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի»
մոտ։ Ակնհայտ երևում էր, որ սատկած կենդանու
մասին պատասխանատվության բաժինը իրար վրա էին փորձում գցել։ Ի վերջո կարմիրգրքյան բեզոարյան
այծի որսի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է, ի թիվս ամենի,
նաև 3 մլն դրամ տուգանք։
Լրագրողների
բազմաթիվ հարցերին, թե ե՞րբ է ավարտվելու սատկած կենդանու մասով էքսպերտիզան, ի՞նչ
եզրակացություն են կազմել մասնագետ կենդանաբաններն ու արվե՞լ է արդյոք ձգաբանական
(բալիստիկ) ուսումնասիրություն, թե՛ Տեսչությունում, թե՛ Ոստիկանությունում տևական
ժամանակ պատասխան չէին տալիս։ Ամեն դեպքում, եթե էքսպերտիզան հաստատեց որսագողության
վարկածը, ապա ակնհայտ է, որ և՛ Արգելոցի, և՛ բնապահպանական այդ Հիմնադրամի կողմից տարածքները
լավ չեն վերահսկվում և, որ արգելոցում կամ արգելոցի հարակից տարածքներում առկա են բացթողումներ։
Հակառակ դեպքում որս անելու հանգամանքների վրա պատասխանատու կողմերը աչքակապություն
են անում։ Դեպքից միայն քսան օր անց, հունիսի 22 - ին Հանրային ռադիոյի բնապահպանական
«Էկոսֆերա» հաղորդման թողարկմամբ հանրությունը վերջապես տեղեկացվեց բեզոարյան
այծի սատկելու վերաբերյալ ոստիկանության եզրակացությանը։
«Փորձաքննության արդյունքներով պարզվել
է, որ կենդանին հոշոտված է, որսագողության հետքեր չեն հայտնաբերվել։ Այդ իսկ պատճառով,
հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է»,–ասվում է Ոստիկանության
կողմից։ Ռադիոյի հաղորդման մեջ լրագրողը ներկայացրել է, որ հարցում է կատարել նաև Կենդանաբանության
ինստիտուտի, Տեսչական մարմնի մասնագետներին, բայց սատկած կենդանու դիահերձումը, չեն
արել ո՛չ Ինստիտուտում, ո՛չ էլ Տեսչությունում։
Դրա հետ մեկտեղ Ռադիոյին տրամադրվել
են Գ․ Շամշյանի կողմից հրապարակված առաջին
լուսանկարներից նույն այծի այլ լուսանկարներ, որտեղ այծի մարմնի վրա, իսկապես կան հոշոտման
հետքեր։ Նկարները համեմատելով կարելի է ենթադրել, որ Ռադիոյին տրամադրել
են նկարներ, որտեղ այծն արդեն մի քանի օր նույն ջրագծում մնացել է և ինչ-որ կենդանիներ,
կամ միջատներ սկսել են կենդանու մարմինը հոշոտել։
Ռադիոյի լրագրողը նյութի վերջում նույնպես
հարցականով է ավարտում հաղորդումը․ «կոծկվե՞լ
է որսի դեպքը, թե՞ իսկապես կենդանին անկել է հոշոտման արդյունքում, փաստ է՝ Կարմիր
գրքում գրանցված այս առանձյակի գործն արդեն փակված է»։
Ճակատագրի հեգնանքով, այդ նյութի թողարկման
օրը «Խոսրովի անտառ» պետարգելոցում նոր հավանական որսագողության դեպքի մասին ենք իմանում։
Եվ նորից բեզոարյան այծի։ Ըստ Շրջակա միջավայրի նախարարության կողմից տարածված հաղորդագրության՝ «հունիսի 22-ին «Խոսրովի անտառ» պետական
արգելոցի տարածքում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ:
Կենդանու անկման պատճառները պարզելու համար տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ բնապահպանության
և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնին և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային
վարչության Արարատի բաժնին»։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից էլ
տարածվեցին այդ կենդանու մնացորդների լուսանկարները։
Լուսանկարներից երևում է, որ այծից միայն մաշկը, սմբակներն ու գլուխն էր մնացել՝ եղջյուրներով։
Ե՛վ նախարարությունը, և՛ Տեսչությունը հստակ նշել էին,
որ անկած կենդանու մնացորդները հայտնաբերել են հենց Արգելոցի տարածքում։ Ավելին, Տեսչությունը
հստակեցրել էր, որ կենդանու մնացորդները «Խոսրովի անտառ» պետական
արգելոց ՊՈԱԿ-ի «Խաչաձոր» տեղամասում են հայտնաբերվել։ Սակայն «Խոսրովի անտառ» պետարգելոցի ֆեյսբուքյան էջում գրվում է իբր բեզոարյան այծի մնացորդները հայտնաբերվել են Արգելոցին հարակից միջհամայնքային ճանապարհի ճամփեզրին: Սրանից կարելի է ենթադրել, որ Արգելոցի ղեկավարությունը փորձ
է արել պատասխանատվությունից խույս տալ՝ շեշտելով, թե դեպքը պատահել է ոչ թե Արգելոցի,
այլ հարակից տարածքում։ Ամեն դեպքում, Տեսչության
կողմից նշված «Խաչաձորի» տեղամասն Արգելոցի եղած 6 պահպանվող տեղամասերից գործող հաստիքացուցակով
ամենամեծ աշխատակիցների թիվն ունի՝ 1 պետ և 11 տեսուչ։ Հետաքրքիր է տեսուչների
այդ «բանակը» չի բավարարո՞ւմ պահպանությունը պատշաճ կազմակերպելու համար, թե՞ պահպանությունը
պատշաճ չէ, քանի որ Արգելոցի ներկայիս ղեկավարը կադրային «ջարդ» է կազմակերպել, հեռացվել
են արգելոցային տարածքներին լավ ծանոթ հին աշխատակիցները։
Եթե բոլոր հաղորդագրությունները համեմատենք, նաև մեջբերենք այն նյութերը, որ հրապարակվել են զանգվածային լրատվամիջոցներով, ապա հստակ է դառնում բոլորի կողմից թույլ տված կարևոր բացթողումներից այն, որ պետական կառույցները հանրությանը չեն տրամադրել հայտնաբերված կենդանիների հստակ տեղադիրքը, այսինքն Գլոբալ տեղորոշման համակարգի – GPS հաղորդիչների տվյալները։ Լրատվամիջոցների հրապարակված նյութերում կան մասնագետների կարծիքներ, որտեղ երկու վերը նշված դեպքերն էլ հուշում են հրազենի, կամ սուր կտրող գործիքի՝ հավանական է դանակի, օգտագործման մասին, ինչն էլ իր հերթին կարող է վկայել տեղի ունեցած որսագողության հավանականության մասին։ Մասնագետների զարմանքն է առաջացրել նաև այն հանգամանքը, որ կարմիրգրքյան կենդանու մնացորդները լաբորատոր հետազոտության չեն տրամադրվել Գիտության Ազգային Ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին։
Բազմաթիվ հարցեր են մնում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի
շուրջ տեղի ունեցող որսագողությունների դեպքերի մասին լուրերի տարածման վերաբերյալ։
Տպավորություն է, թե «Խոսրովի անտառը» ոչ թե արգելոց է, այլ ԻլՖի և Պետրովի «Ոսկե հորթ»
վեպի «Եղջյուրներ
ու սմբակներ» գրասենյակը։ Այդ գրասենյակի ղեկավարի շուրջ պտտվող լուրերի և ներկայացված
փաստերի հիման վրա, որ արգելոցում, մեղմ ասած, «բարդակ» է տիրում, կարելի է ենթադրել,
որ տնօրենի ժ/պ Արտակ Մխիթարյանը հայտնվել է վիցե-պրեզիդենտ
Ֆունտի դերում, որը սիրում էր հպարտանալ, թե «նստել է Ազատարար Ալեքսանդր
երկրորդի օրոք, Խաղաղարար Ալեքսանդր երրորդի օրոք և նույնիսկ Արյունարբու Նիկոլայի
օրոք»։ Ի դեպ, տվյալ դեպքում Ֆունտի հովանավորն էլ՝ որը Գրասենյակի ղեկավարի պաշտոնն
էր հովանավորել, ոչ թե Կորեյկոն է, այլ նախկինում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը
զբաղեցրած Ռոմանոս Պետրոսյանը, որի կադրային քաղաքականությունը հիմնված էր ԽԾԲ-ի վրա։
Eco-media