Foto

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան եւ Ճապոնիան արգելելու են Ռուսաստանից ոսկու ներկրումը

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան եւ Ճապոնիան հայտարարել են՝ Ուկրաինայում Մոսկվայի ռազմական գործողություններին ի պատասխան ռուսական ոսկու ձեռքբերման վրա արգելք սահմանելու մասին: Այս մասին ասված է բրիտանական կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այդ սահմանափակումները, որոնք շուտով ուժի մեջ կմտնեն, կտարածվեն նոր արդյունահանված եւ վերամշակված ոսկու ներմուծման վրա եւ չեն անդրադառնա արդեն ձեռք բերվածին:

«Ռուսական ոսկու նոր արտահանումն այլեւս չի թույլատրվի Մեծ Բրիտանիայում, Կանադայում, ԱՄՆ - ում եւ Ճապոնիայում՝ շնորհիվ նոր խիստ միջոցների, որոնք կհայտարարվեն այսօր սկսվող յոթնյակի խմբի (G7) գագաթնաժողովում»,-հայտնել են Դաունինգ սթրիթում՝ նկատելով, որ Ջոնսոնը «յոթնյակի» իր գործընկերներին կոչ կանի համանման միջոցներ ձեռնարկել: «Հաշվի առնելով Լոնդոնի կենտրոնական դերը ոսկու միջազգային առեւտրում եւ ԱՄՆ - ի, Ճապոնիայի եւ Կանադայի զուգահեռ գործողությունները, այդ միջոցը գլոբալ ընդգրկվածություն կունենա՝ այդ ապրանքը բացառելով կարգավորվող միջազգային շուկաներից», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Ճապոնիայի պատժամիջոցները չեն տարածվում արդեն ձեռք բերված ռուսական ոսկու վրա: Ընդ որում, Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները տարածվել են 16,5 մլրդ դոլարի չափով ռուսական ներմուծման վրա։

Նշվում է, որ Ռուսաստանից ոսկու արտահանման ծավալը 2021 թվականին կազմել է 12,6 մլրդ ֆունտ (15,5 մլրդ դոլար):

Բրիտանական պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ներմուծման ծավալը հասել է 13,5 մլրդ ֆունտի (16,5 մլրդ դոլար):