Foto

Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։


Նախարարը նախ շնորհավորել է ներկաներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ և ընդգծել, որ նոր աշխատակարգով էլ ավելի են մեծացել խորհուրդների դերն ու կարևորությունը՝ դրանց մասնակցությունը տեսանելի դարձնելով տվյալ ոլորտների քաղաքականությունների մշակման գործընթացում։ ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր կարգի համաձայն՝ հասարակական խորհրդի շրջանակում պետք է քննարկվեն բոլոր ռազմավարությունները, ծրագրերն ու հայեցակարգերը, ընդ որում՝ դեռևս գաղափարի փուլում և ևս մեկ անգամ՝ արդեն նախագիծ դառնալու և շրջանառվելու ընթացքում։

«Սա նշանակում է, որ խորհուրդն արդեն պաշտոնապես ամրագրված դեր ունի ռազմավարական ծրագրերի շուրջ կարծիք հայտնելու առումով, և դրանք պետք է արտացոլվեն նաև ամփոփաթերթում՝ կամ ընդունվելով, կամ եթե չեն ընդունվում, ապա ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։ Շատ կարևոր եմ համարում նաև, որ հասարակական խորհուրդներին վերապահվել է հնարավորություն՝ ստեղծել աշխատանքային խմբեր և դրանց շրջանակում քաղաքականությունների լավարկման ուղղությամբ կոնկրետ ուղղություններով առաջարկություններ ներկայացնել, որոնք լիազոր մարմինը կդիտարկի։


Եվ, իհարկե, շատ կարևոր եմ համարում նաև այն փոփոխությունը, որը թույլ է տալիս խորհրդին նաև հանրային առումով դառնալ ավելի տեսանելի հարթակ․ նոր ընթացակարգով պարտադիր է, որպեսզի խորհրդի նիստերը հեռարձակվեն, և սա ևս մեկ անգամ թե՛ նախարարությանը, և թե՛ խորհրդի անդամներին յուրահատուկ պատասխանատվություն և կշիռ է հաղորդում»,-ողջույնի խոսքում նշել է Ժաննա Անդրեասյանը։

Այնուհետև նախարարն անդրադարձել է օրակարգի հարցին, այն է՝ Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով ԿԳՄՍ ոլորտներում 2026 թվականին նախատեսված աշխատանքները։ Նրա խոսքով՝ որպես Կառավարության ծրագրի վերջին տարի՝ 2026 թվականը շատ կարևոր է, քանի որ ամփոփվելու է 2021-ից մեկնարկած լայնածավալ բարեփոխումների ընթացքը և գնահատվելու է, թե որքանով են սահմանված թիրախները կատարված։

Նախարարի զեկույցից հետո խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նրան։ Ժաննա Անդրեասյանը հանգամանալից անդրադարձել է բոլոր հարցերին՝ խորհրդի անդամներին տրամադրելով համապատասխան տեղեկատվություն հնչեցված դիտարկումների վերաբերյալ։

Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջարկներ ներկայացնել թեմատիկ ուղղություններով տարբեր աշխատանքային խմբերի ձևավորման և դրանց համար կանոնակարգի մշակման ուղղությամբ։