Foto

ՌԴ-ում չեն հավատում ամերիկյան ազնվությանը

Վերջին օրերին ԱՄՆ կողմից մեսիջներ են հնչում, որոնք վկայում են այն մասին, որ ամերիկյան կողմը պատրաստ է, ինչ-որ տեղ նաև շահագրգռված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պահելու և այդ պլատֆորմում Արցախի հարցի հետագա ընթացքը կարգավորելու հարցում։ ԱՄՆ տարբեր ներկայացուցիչներ և փորձագետներ այս առումով մի շարք մեկնաբանություններ են ներկայացրել։

Օրերս ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կասկածի տակ է դրել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հայտարարությունների ազնվությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում գործընթացը։ Զախարովան իր խոսքում շեշտել է. «Թույլ եմ տալիս կասկածել Դոնֆրիդի անկեղծությանը։ Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իրականում ՄԽ միջնորդական գործունեությունը համարում են կարևոր, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր մասնակից պետությունների կողմից հաստատված մանդատը»։ Զախարովան նաև նշել էր, որ այդ քայլի պատճառների մասին հստակ բացատրություն դեռ չի ստացվել. «Կարծում եմ, որ խաղադրույքը, ինչպես միշտ, կատարվել է այն բանի վրա, որ մենք մեկուսացման մեջ ենք ընկնելու։ Ռուսական կողմը, առավել քան որևէ մեկը, շահագրգռված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որ արտաքին առանձին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման առանց այն էլ դժվարին ջանքերը»,- ընդգծել է նա։

Ըստ էության, անհասկանալի է, թե ինչու է ԱՄՆ-ը հիշել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, երբ հովանավորում է, որ Միշելն ակտիվորեն բանակցի Երևանի ու Բաքվի հետ: Այսօր ստեղծվել է մի աշխարհաքաղաքական դասավորվածություն, որտեղ ՌԴ դիրքորոշումը հստակ է՝ այս պահին Ռուսաստանին պետք չէ ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ ՌԴ-ն կողմերի հետ համագործակցության իր ձևաչափերն ունի:

Ձևաչափի ռեաբիլիտացիային կատեգորիկ դեմ է նաև Ադրբեջանը: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը ներկայումս կողմերի հետ կարող է անխոչընդոտ հարաբերվել: Ըստ էության, այս ձևաչափը Հվ. Կովկասում մշտապես առավելապես անհրաժեշտ է եղել Արևմուտքին այդ գոտում գործընթացներին մասնակցություն ապահովելու համար: Ներկայումս Ռուսաստանն ու կողմերն ունեն հարաբերվելու մի շարք ձևաչափեր: Բացի այդ, Ռուսաստանը հետևում է նաև ԵՄ-ում ծավալվող բանակցություններին և համարում, որ երկարաձգվելու են դրանք, իսկ Ռուսաստանի համար հետագա բոլոր զարգացումները կախված են ուկրաինական պատերազմից:

Ի դեպ՝ չի բացառվում, որ առաջիկայում Արևմուտքի համար գուցե անկանխատեսելի դասավորություն ստեղծվի աշխարհում, ինչպես նաև Հարավային Կովկասում: Եթե ամեն բան ընթանար այնպես, ինչպես Արևմուտքն է ցանկանում, ապա չի բացառվում, որ նա կպահեր այն գիծը, որը գծեց Ուկրաինայում ՌԴ օպերացիան սկսելուց հետո, սակայն պատերազմի ընթացքն այլ բան է հուշում՝ կապված ուժերի հարաբերակցության և պատերազմի վերջնական ելքի հետ։  

Արմեն Հովասափյան