Foto

Ջհանգիրյանը խախտել է դատավորի վարքագծի 23 կանոնից առնվազն 9-ը

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիլ Ջհանգիրյանը երեկ մեկնաբանել է արդեն ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը։ Ջհանգիրյանն ասել է, որ ինքը խոսակցության 15-20 րոպեից արդեն հասկացել է, որ Վարդազարյանը ձայնագրում է և իր լեզվով ասած շարունակել է «կուտ տալ» և հոգեբանական հնարքներ կիրառել, որ Վարդազարյանը լքի պաշտոնը։  Բանն այն է, որ Ջահանգիրյանը նախ իրավունքն չուներ հանդիպել Վարդազարյանի հետ, թեև ինքն ասում է, որ օրենքը նայել է, որևէ խնդիր չի տեսել։ Հավանաբար կամ չի նայել Դատավորի վարքագծի ընհանուր կանոններից 3-րդը, որը սահմանում է․ «Դատական նիստից դուրս դատավորը պարտավոր է ձեռնպահ մնալ կողմերի և դատավարության այլ մասնակիցների հետ առանձին շփումից», կամ էլ որոշել է հետագայում իրեն հայտնի «կուտ տալու» մեխանիզմի շնորհիվ շրջանցել այս հարցը: Բանն այն է, որ Ջհանգիրյանը խոսում է հոգեբանական հնարքի միջոցով Վարդազարյանին համազելու մասին։ Բացի նրանից, որ դա վարույթ իրականացնող մարմինը կարող է դիտարկել, որպես հոգեբանական ճնշում, Ջհանգիրյանն այստեղ խախտում է Դատավորի վարքագծի ընհանուր կանոններից 2-րդը՝ «Դատավորը պարտավոր է բարձր պահել իր պատիվն ու արժանապատվությունը և խուսափել այն ամենից, ինչը կարող է արատավորել դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, վնաս հասցնել դատավորի համբավին, կասկածի տակ դնել նրա օբյեկտիվությունը և անկախությունը՝ արդարադատություն իրականացնելիս: Դատավորը պետք է նման վարքագիծ պահանջի նաև իրեն կցված դատական ծառայողներից»: Այն,  որ Ջհանգիրյանը նսեմացնում է ԲԴԽ-ն զրույցի հրապարակված մասի առնվազն մեծ մասում, դա ակնհայտ է։ Արդյո՞ք ՀՀ արդարադատությանը թույլատրվում է, մի մեխանիզմ կիրառելով, խախտել մյուսը։

Դատավորի վարքագծի ընդհանուր կանոններից 1-ին էլ սահմանում է․ «Դատավորն արդարադատություն իրականացնելիս անկախ է և ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ․․․»։ Բայց  ձայնագրությունից պարզ է դառնում, որ Ջհանգիրյանի «վզին դրված է», իր հարցազրույցից էլ իմանում ենք, որ ինքն է իր վզին դրել, իսկ ձայագրությամբ վերահաստատում է, որ ստիպված է անել, պիտի անի, քանի որ իրեն ասողի «վզին էլ է դրված»։ Հիմա Սահմանդրությունն ու օրենքն են ԲԴԽ նապագահի ԺՊ-ին առաջնորդում, թե՞ այլ  ուժեր։ Ավելին այս դեպքի վերաբերյալ վարքագծի 17-րդ կանոնն է գործում՝ «Դատավորը չպետք է օգտագործի դատավորի կամ դատարանի հեղինակությունն անձնական, ընտանեկան կամ այլ շահեր իրականացնելու նպատակով»: Ընդ որում, Առաջին ալիքին տված իր հարցազրույցում Գագիկ Ջհանգիրյանն անընդհատ ասում էր, որ խոսքը վերաբերում է հրապարակային արված արտահայտություններին։ Կարևոր է նկատել, որ մեր ներկայացված այս կանոններից և որևէ մեկում չկա «հարպարակային կամ հրապարակայնորեն արված արտահայտություններ» տերմինը։

Հաջորդը, ինչի համար արդարանում էր Ջհանգիրյանը, իր քաղաքականությամբ զբաղվելուն է վերաբերում։ Կանոն 22-ը հստակ սահմանում է, որ դատավորն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ: Բայց ոչ միայն ձայնագրությունում, այլև Հ1-ի եթերում տված հարցազրույցում Ջհանգիրյանը հստակ ասաց, որ չի ցանկանում, որ «նախկին թալանչի» ռեժիմը հետ գա, քանի որ ինքը ևս այդ ռեժիմից տուժել է և 1 տարի 3 ամիս անցկացրել է անազատության մեջ։ Կանոն 23-ն էլ սահմանում է․ «Դատավորի ոչ դատական գործունեության իրականացումը չպետք է անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի որպես դատավոր անաչառ գործելու նրա ունակության վերաբերյալ, նսեմացնի դատավորի պաշտոնի հեղինակությունը կամ խոչընդոտի դատական պարտականությունների պատշաճ իրականացմանը»: Ստացվում է, որ ձայնագրության հրապարակված  մասի առնվազն մեծ մասում Ջհանգիրյանը խախտել է Դատավորի վարքագծի գործող 23 կանոնից առնվազն 9-ը։ Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելայնն էլ Vesti.am-ի հետ զրույցում բազմիցս շեշտել  է, որ խախտվել ևս մեկ կանոն՝ դա իրենց լսված լինելու իրավունքն էր։

Սրանից զատ Քրեական օրենսգիրքը այլ պահանջներ էլ ունի, որոնք վերաբերում են արդարադատության և գործի քննությանը միջամտելուն և այլն։ Այս ամենին զուգահեռ Քննչական կոմիտեն 4-րդ օրն է, ինչ ուսումնասիրում է, թե ձայնագրությունում առերևույթ հանցագարծություն կա՞, թե՞ ոչ։  Իսկ Ջհանգիրյանը շարունակելու է այսպես խոսել և «կուտ տալ», քանի դեռ Նիկոլ Փաշինյանի ձեռքի մուճն է, որով ում ուզում մխում է, ում ուզում հանում է՝ ճիշտ այնպես, ինչպես ասում էր Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Հեղինակ: Աննա Ավետիսյան