Foto

Ազգային արժույթի էպոպեան


Վերջին շրջանում տնտեսագետներն ու ոլորտային տարբեր ներկայացուցիչներ տարբեր առիթներով կանխատեսում են, որ ՀՀ-ում առաջիկայում գնաճը դեռ կշարունակի ակտիվանալ, ահա այս ֆոնին Կենտրոնական բանկը որոշել է չբարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ նպատակահարմար գտնելով այն թողնել անփոփոխ։ Նշենք, որ վերջին անգամ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր մարտին, երբ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ակնհայտ դարձավ, որ գնաճը կրկին մտնում է ակտիվացման փուլ։ Այդ ժամանակ ԿԲ-ն տոկոսադրույքը թարմացրեց միանգամից 1,25 տոկոսային կետով՝ հասցնելով 9,25 տոկոսի։ Դրանից հետո տոկոսադրույքը այլևս չի փոխվել, չնայած գնաճը շարունակել է ակտիվանալ։ Հիմնավորումները, որոնք ներկայացվում են տոկոսադրույքը չբարձրացնելու համար, տեղին չեն։

Ըստ կանխատեսումների՝ առաջիկա ամիսներին գնաճը կշարունակի դեպի վերև բարձրանալ։ Ու չնայած ԿԲ-ն հույս ունի, որ տարեվերջին կնվազի, այնուհանդերձ նվազումն այնպիսին չի լինի, որ տոկոսադրույքը բարձրացնելու կարիք չկար։ Ինչպես հայտնի է՝ տարեվերջին գնաճի սպասումը 8 տոկոսից ավելին է, իսկ ԿԲ-ն որոշել է տոկոսադրույքը չբարձրացնել, կարծես 8 տոկոսը տեղավորվում է այն սցենարի մեջ, որն ամրագրված է գների կայունության համար։ Գնաճի առավելագույն սահմանաչափը, որը պիտի ապահովի ԿԲ-ն, 5,5 տոկոսն է։ Իսկ ԿԲ-ն խոսում է տարեվերջին 8 տոկոսից բարձր գնաճի մասին ու չի պատրաստվում քայլ անել այն մեղմելու համար։ Ըստ էության, հույսը հիմա էլ դրել են դրամի ամրապնդման ու դոլարի թուլացման վրա։ Ազգային արժույթի ամրապնդումը, անշուշտ, կարևոր գործոն է դրա համար։ Սակայն կյանքը ցույց է տալիս, որ միշտ չէ, երբ ազգային արժույթի ամրապնդումը հանգեցնում է գների նվազման։ Այն հիմնականում զսպող դեր ունի գների հետագա բարձրացման համար, իսկ նվազեցման ոչ միշտ է հանգեցնում։

Հենց դրա համար էլ պատահական չէ, որ վերջին 2 ամսվա ընթացքում տեղի ունեցած ազգային արժույթի 15-16 տոկոս արժևորման պայմաններում գների իջեցումներ հիմնականում չնկատվեցին։ Ընդհակառակը՝ գնաճը մեր երկրում շարունակեց բարձրանալ, և վերջին տվյալներով՝ հասել է 9 տոկոսի։ Ի տարբերության ազգային արժույթի արժեզրկման ու գների բարձրացման, ազգային արժույթի ամրապնդման ու գների նվազման միջև կապը շատ թույլ է գործում, եթե իհարկե գործում է։ Միանշանակ է, որ պատճառը պետք է փնտրել մրցակցային միջավայրի մեջ, որտեղ անելիք ունի ՏՄՊՊՀ-ն, որը տեղից չի շարժվում։

Գաղտնիք չէ, որ Հայաստանը ներմուծման վրա «նստած» երկիր է, և տարադրամի էժանացումը չէր կարող ազդեցություն չունենալ ներմուծվող ապրանքների գների վրա։ Այլ բան, որ այդ ազդեցությունը սպառողները, ի տարբերություն ազգային արժույթի թուլացման, չեն տեսնում իրացման շուկաներում։ Դրամի ամրապնդումը գների նվազման չի հանգեցնում, իսկ թուլացման հետևանքով գնաճի ռիսկը շարունակում է բարձր մնալ։ Հենց այդ պատճառով՝ ԿԲ-ն հակված չէ միջամտել ու թանկացնել դոլարը, թեև նման փորձեր այս ընթացքում արվել են (ԿԲ-ն շուկայից որոշ քանակությամբ դոլար է գնել)։ Ակնհայտ է, որ դոլարի թուլացումը, բնականաբար, չի բխում ԿԲ շահերից, դրա հետևանքով՝ գնաճի ռիսկը մեծանում է։

Ստեղծված ոչ բարենպաստ իրավիճակում տնտեսության արտահանելի հատվածի կորուստները ԿԲ-ն առաջարկում է փոխհատուցել այլ օժանդակությունների միջոցով։ Պարտադիր չէ, որ դա լինի դրամի թուլացումը։ Ի դեպ՝ օրերս Վահան Քերոբյանը ԿԲ-ին մեղադրում էր դրամի այդպիսի ամրապնդում թույլ տալու համար, ինչը հարվածում է տնտեսությանը։ Նա գտնում է, որ ստեղծված իրավիճակում ԿԲ-ն պետք է սկսի նոր գործիքակազմ կիրառել։ Բայց այդպիսի մոտեցմանը դեմ է Կենտրոնական բանկը։ Եթե ստեղծված իրավիճակում Քերոբյանն իր շահերն է փորձում առաջ տանել, ԿԲ-ն փորձում է առաջ տանել սեփական շահերը, առավել ևս՝ պարտավորություններ ունի, որոնցից ամենագլխավորը՝ գների կայունության ապահովումն է։

Նշենք, որ անցած տարի ԿԲ-ին չհաջողվեց գնաճը տեղավորել նախատեսված թիրախում։ Ի դեպ՝ այս տարի այն ավելի ակտիվ է, ու եթե իրականանան հնչող կանխատեսումները, տարեվերջին այն ավելի բարձր կլինի, քան անցած տարի էր։ Իսկ թե ինչ է նշանակում նման բարձր գնաճը մեր հասարակության համար, որտեղ բնակչության կեսի եկամուտները գտնվում են աղքատության վերին գծից ցածր, դժվար չէ պատկերացնել։ Այդ պայմաններում թեկուզ 8 տոկոսը չափազանց բարձր գնաճ է մեր հասարակության բազմաթիվ շերտերի համար։ Հատկապես որ, առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում գնաճը շատ ավելի զգալի է և հասնում է գրեթե 15 տոկոսի։ Այսպիսի պայմաններում Կենտրոնական բանկը պարտավոր է առավելագույնն անել գների կայունությունն ապահովելու և գնաճը նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթ վերադարձնելու համար։

Պետք է փաստենք, որ այստեղ պակաս կարևոր խնդիրներ ունի լուծելու նաև կառավարությունը, սակայն կառավարությունը վաղուց ձեռքերը լվացել է։ Հաճախ ինչ-որ ցուցանիշներ են հրապարակում աշխատավարձերի ու գնաճի վերաբերյալ՝ փորձելով հիմնավորել, թե գնաճն ավելի ցածր է, քան աշխատավարձերի աճը, բայց մոռանում են, որ մեր երկրում կան հարյուր-հազարավոր քաղաքացիներ, որոնք ո՛չ աշխատավարձ, և ո՛չ էլ, առավել ևս, պարգևավճար են ստանում։

Արմեն Հովասափյան