Ի պատասխան «Փաստ» թերթի հարցմանը, Մայր Աթոռից տեղեկացրին, որ Հայ առաքելական եկեղեցում ներկա դրությամբ կա 615 հոգևորական, որոնցից 327-ը ծառայում է Հայաստանում, 288 ը` Սփյուռքում: Սա իսկապես ուշադրության արժանի տեղեկություն է: Բանն այն է, որ քպական քարոզչությունը փորձում է այնպիսի տպավորություն գործել, թե կան հազարավոր հոգևորականներ, որոնք ինչ-որ անհասկանալի եկամուտներ ունեն, ինչ-որ անհասկանալի կամ ոչ թափանցիկ ֆինանսավորում, երրորդը, չորրորդը: Պարզվում է՝ բուն Հայաստանում հոգևորականներն ընդամենը 327-ն են:
Դե, ֆինանսական թափանցիկության կամ թափանցիկ չլինելու վերաբերյալ Փաշինյանի ու նրա ձայնակիցների հայտարարությունները բացահայտ հերյուրանք են, ինչի մասին ոչ մեկ անգամ հայտարարվել է Մայր Աթոռի կողմից: Բայց դա մեկ այլ խոսակցության թեմա է: Այստեղ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանքներ կան: Նախ՝ ստացվում է, որ Կաթողիկոսի հրաժարականն են պահանջում հայ ժողովրդի չնչին փոքրամասնությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու իր քպականների (այն էլ՝ ակնհայտորեն ոչ բոլոր), և 615 հոգևորականից ընդամենը 10-ը կամ, «քարը տրաքի», 20-ը, որոնք անցել են Փաշինյանի ու ՔՊ-ի հակաեկեղեցական «թրի» տակով: Դե, մի 5 տոկոսը, էլի: Այսինքն, թե՛ ՔՊ-ն իր ղեկավարով, թե՛ այդ 10-20-ը որևէ իրավունք չունեն ինչ-որ բան պահանջելու: Մնացյալ 90-95 տոկոսն էլ այլ բան է պահանջում. նախ՝ որ ձեռքները հեռու պահեն Եկեղեցուց, և որ՝ եթե մեկը կա, որ հրաժարական պիտի տա, Նիկոլ Փաշինյանն է:
Մյուս կողմից՝ նմանապես պարզ է, որ Փաշինյանի կռիվը այդ 327 կամ թեկուզ 615 հոգևորականի հետ չէ: Նույնիսկ Կաթողիկոսի հետ չէ: Նրա կռիվը հենց Եկեղեցու դեմ է: Սա ևս ակնհայտ է: Ու Փաշինյանի հրահրած արշավի նկատակը հենց Եկեղեցին վնասելն է, Եկեղեցին քանդելու խնդիր ունի նա: Եվ Եկեղեցու ազդեցության ու հեղինակության դեմ է Փաշինյանի գլխավորած արշավանքը: Կա նպատակ, և նա հետևողականորեն իրականացնում է՝ թքած ունենալով հայ ժողովրդի ու հոգևոր դասի գերակշիռ մեծամասնության կարծիքի վրա:









