Ապարանում տեղի
ունեցած ողբերգությունը տարատեսակ զգացողություններ է առաջացնում: Մի քանի նկատառում
երեկվա ապարանյան ողբերգության վերաբերյալ: Այսպես՝ մարդիկ երկու օր ակտիվ վիճաբանությանության
մեջ են եղել, վիճաբանությունները եղել են հասարակական վայրերում, բազմաթիվ ականատեսներ
են եղել ու ոստիկանությունը ոչինչ չի իմացել կամ ոչինչ չի արել: Ավելին, վիճաբանող
կաղմերից մեկը հանցանքի վայր է գնացել զենքով և կրկին նրան ոչ ոք չի կանխել: Ըստ տարածված
տեսանյութի՝ զենքը որսորդական է և հնարավոր հանցագործը հասցրել է առնվազն 7 կրակոց
արձակել, որովհետև 7 տուժող կա: Տարօրինակ է նաև, որ դեպքը եղել է Ապարանից ոչ հեռու
գտնվող բնակավայրի աղբավայրում, որը հավանաբար տեղացիների «ռազբորկաների» մշտական վայրերից
մեկն է: Այս հանգամանքները ես նշում եմ այն պատճառով, որ իրավապահ մարմինների գրագետ
և օպերատիվ աշխատանքի դեպքում, մեծ հավանականությամբ, ողբերգությունը կարելի էր կանխել:
Իհարկե, իրավական
գնահատականը պետք է պատկան մարմինները տան, սակայն այն տեղեկատվական փնթիությունը,
որ գոյություն ունի այդ իրադարձությունների շուրջ, լավատեսություն չի ներշնչում, որ
լայն հասարակությունը կիմանա դեպքի բոլոր և հատկապես իրական հանգամանքները: Բայց հիմա
խոսքը դրա մասին չէ, այլ նրա, թե ինչպեփս է հնարավոր դարձել այդ ողբերգությունը: Փաստորեն
ոստիկանությունը չի վերահսկում իրավիճակն այդ քաղաքում և մարզում: Ինչո՞ւ, գուցե ա՞յն
պատճառով, որ մարզի ոստիկանների մեծ մասը, եթե ոչ ողջ անջնակազմը, մայրաքաղաքում միտինգներ
է ցրում կամ ուժեղացված ծառայություն իրականացնում պետական պաշտոնյաների բնակարանների,
ամառանոցների կամ նրանց այցելած գինետների մոտ: Իսկ գուցե ոստիկանները հասկացե՞լ են,
որ իրենց հիմնական գործը ոչ թե ամենօրյա օպերատիվ աշխատանքն է, այլ Երևանում ցուցարարների
կողքով թրև գալը, որովհետև իրենց բուն պարտականությունների դիմաց չնչին վարձատրություն
են ստանում, իսկ երևանյան տուրվոյաժների դիմաց հա՛մ ձրի սնվում են, հա՛մ էլ պարգևավճար
են ստանում: Այդ մարդիկ իրենց քաղաք են վերադառնում միայն հիգիենիկ նպատակներով:
Էլ ի՞նչ աշխատանք, էլ ի՞նչ օպերատիվ: Այսօրվա իշխանություններին թվում է, որ, թեկուզ
ոստիկանական մեթոդներով, վերահսկում են իրադրությունը երկրում: Իրականում ոստիկանությունը
գիտակցել է իր «ուժն ու կարևորությունը» և արդեն ինքն է վերահսկողության տակ պահում
իշխանությանը: Թույլ իշխանության պայամաններում գլուխ են բարձրացնում հենց պատեհապաշտներն
ու հանցագործ տարրեր: Եվ սա դեռ սկիզբն է. երբ դատարանների, տեղական իշխանությունների,
իրավապահ համակարգի, բանակի և հատուկ ծառայությունների նկատմամբ վստահությունը զրոյացվում
է, հասարակությունը սկսում են ներսից բզկտել ազատություն ստացած մարգինալները: Մարդիկ
սկսում են շրջանցել օրինական եղանակներով խնդիրները լուծելու ճանապարհները և գալու
է համատարած ինքնադատաստանների ժամանակը: Ոստիկանները շուտով հազիվ հասցնելու են գրանցել
միջադեպերը, և եթե դրանցում հայտնվեն իշխանության հետ փոխկապակցված մարդիկ, ապա քննչական
մարմիններն ու դատարանները հենց այսօրվա պես տեղեկատվական «բառդակ» են ստեղծելու, որպեսզի
գոնե իրական հանգամանքներն ու հանցագործներին կոծկեն:
Բարի գալուստ
ապագա 20-րդ դարի 30-ականների Չիկագո:









