Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԳՆ-ում տեղի ունեցած առանձնազրույցում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Շեշտել եմ, որ 2020 թ. ԼՂ հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով, Ադրբեջանը կոպտորեն խախտել է ԵԽ-ին անդամակցությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները, այս հանգամանքը պետք է համարժեք արձագանք գտնի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների կողմից», - ԱԳՆ-ում հանդես գալով համատեղ հայտարարությամբ՝ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը նշեց, թե ԵԽ գլխավոր քարտուղարի հետ առանձնազրույցում վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։
«Արցախի ժողովուրդն ունի նույնպիսի իրավունքներն, ինչ՝ բոլորը, և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքը Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից», - ասաց Միրզոյանը։









