Foto

Հայաստանը Ղարաբաղի խնդիրը միշտ դիտարկել է որպես իրավունքի հարց. Արուսյակ Ջուլհակյան

Հայաստանը Ղարաբաղի խնդիրը միշտ դիտարկել է որպես իրավունքի հարց։ Այս մասին Ազգային ժողովում, հունիսի 16-ի ճեպազրույցների ժամանակ ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Արուսյակ Ջուլհակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հետքայլ կկատարվի Ղարաբաղի կարգավիճակի հարցում։

Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունը։ «Ղարաբաղի կարգավիճակը պետք է դիտարկվի ոչ թե որպես նպատակ, այլ որպես Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների ապահովման միջոց։ Հավաստիացնում եմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը բնավ առաջին ու միակ մարդը չէ Հայաստանում, որը հանդես է գալիս նման դիրքորոշմամբ»,- ասել է Ջուլհակյանը։

Ղարաբաղյան խնդիրը, նրա խոսքով, սկզբում եւ միշտ Հայաստանի կողմից դիտարկվել է որպես իրավունքի հարց, որպես անվտանգության ապահովման հարց։ «Ինքնորոշման հարցը հենց այնպես չի ծագել, քանի որ դա ինքնանպատակ չէր։ Ոչ, պատճառն այն էր, որ որոշակի պահից Ղարաբաղի հայերը դադարեցին իրենց անվտանգ զգալ եւ իրենց գոյապահպանման իրավունքների պաշտպանության նպատակով գնացին ինքնորոշման ճանապարհով։ Այսինքն՝ ոչինչ չի փոխվել։ Ղարաբաղյան խնդիրը սկզբում ծագել է որպես անվտանգության եւ իրավունքի հարց։ Եվ հիմա այն շարունակում է մնալ այդպիսին։ Այնպես որ, այստեղ հետքայլի մասին խոսել մենք չենք կարող»,- նշել է կառավարող խմբակցության պատգամավորը։