Foto

ԱՊՊԱ փոփոխությունների զուգահեռներում

ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվությունը կմեղմացվի։ Նման օրենսդրական առաջարկով են հանդս եկել ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանն ու Լիլիթ Կիրակոսյանը։

Գործող օրենսգիրքն ապահովագրական պայմանագիր չունեցող վարորդների համար նախատեսում է 5 000 դրամ տուգանք` յուրաքանչյուր 10 օրվա համար։ Բայց տուգանքի տարեկան չափը չի կարող գերազանցել 100 000 դրամը։

Ներկայացված նախագծով առաջարկվում է 100 000–ի փոխարեն առավելագույն չափը սահմանել 50 000 դրամ։

Բացի այդ վարորդին հնարավորություն է տրվում տուգանքի արձանագրությունից հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ու լիազոր մարմին ներկայացնելու դեպքում վճարել նշանակված տուգանքի միայն 75 տոկոսը։ «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի գնահատմամբ՝ տուգանքի չափի փոփոխության մասին պետք էր մտածել մինչև օրենքն ընդունելը։ «ներկայիս փոփխությունն այնքան էլ լավը չէ, ինչը վերաբերում է 24 ժամվա սահմանափակմանը։ Քաշքշուկն է ավաելանալու, կարելի էր ավելի մեղմ մոտեցում ցույց տալ»,- ասաց ՀԿ նախագահը։

Vesti.am-ի այն դիտարկմանը, որ վարորդների մեծ մասը, միևնույն է, կնքում է ԱՊՊԱ պայմանգիր՝ Քեհյանը հակադարձում է․ «ԱՊՊԱ պայմանագրի չունենալու տուգանքը փաստացի չէր կիրառվում, իսկ երբ նախորդ տարի սկսեցին կիրառել, ԱՊՊԱ պայմանագիր կնքողների քանակն աճեց 20-30 տոկոս»։

Դեռ նախորդ տարեվերջին Հայաստանի ապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ–ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում: Որոշ դեպքերում թանկացումները  հատում են 200 տոկոսի շեմը։ Վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով հանրային քննարկումներ կազմակերպել, որոշումն էլ՝ վերանայել։ Փոխարենը ոստիականությունը նրանց բերման էր ենթարկում, իսկ մեքենաներն էլ տեղափոխում էր հատուկ պահպանվող տարածք։ Այստեղ մի նրբություն կա՝ երբ ԱՊՊԱ չունենալու համար քաղաքացին տուգանվում է, ապա այդ գումարը մուտք է լինում ՀՀ բյուջե, իսկ մյուս դեպքում՝ ապահովագրական ընկերությանը։ Ստացվում է, որ բյուջե մուտքերը կրճատվում են, իսկ ապահովագրական ընկերություններինը՝ ավելանում։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահի համար սա այնքան էլ խնդրահարույց չէ։ Հակադարձում է․ «Իսկ որքա՞ն է վնաս է պատճառում այդ վարորդը ապահովագրական ընկերությանը։ 40 000 դրամ վճարելով՝ կարող է 2 000 000 դրամի վնաս հասցնել»։  Նկատենք, որ նախկինում, երբ օրենսդրական այս փոփոխությունները չկային, ԱՊՊԱ ընկերությունները շահույթից չէին դժգոհում՝ ավելին նորերն էին ի հայտ գալիս։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան