Վերջին մի քանի
օրերին հայկական մամուլում, մեդիափորձագիտական և քաղաքական շրջանակներում ակտիվորեն
քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը միջազգային հեղինակավոր «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը,
որի ընթացքում Փաշինյանը խոսել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների,
ԼՂ հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների և այլ թեմաների շուրջ:
Հատկանշական է
փաստել, որ նշված բոլոր շրջանակների ուշադրության կենտրոնում հենց Փաշինյանի դիտարկումներն
են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի, Արցախի ապագա կարգավիճակի և ՀՀ դիրքորոշման
վերաբերյալ, այն կարմիր գծերը, որոնք սպասվում են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի»
բանակցման գործընթացում։ Միանշանակ է, որ Փաշինյանի հարցազրույցը միանշանակորեն ոչ
թե տալիս է հանրությանը մտահոգող խնդիրների պատասխաններն ու մեկնաբանությունները, այլ
էլ ավելի է խորացնում դրանք:
Հենց այս դրվագում
ներկայացնենք մի քանի առանցքային դիտարկումներ, որոնք Փաշինյանի խոսույթում ուղղակի
տեղ չէին գտել։ Ըստ էության, նա իր ողջ հարցազրույցի ընթացքում
չի օգտագործել ԼՂ հակամարտություն տերմինը, խոսելով ԼՂ չլուծված հակամարտության մասին,
նա ամեն կերպ շրջանցում էր այդ ձևակերպումը։
Փաշինյանն իր խոսքում չի ընդգծել, որ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, թեև ասել
է, որ եռակողմ հայտարարությունը չի անդրադառնում Արցախի հարցին, բայց հարկավոր է անդրադառնալ
ԼՂ հիմնախնդրին, և իրենք հույս ունեն, որ առաջիկա ժամանակներում կկարողանան անդրադառնալ
ԼՂ խնդրին: Լրագրողի ուղիղ հարցին, որ «եթե
այս հանձնաժողովը որոշի, որ ԼՂ ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա ինչպիսի՞ն
կլինի Ձեր դիրքորոշումը», Նիկոլը չի նշել, որ հայկական կողմի համար Արցախի նման
կարգավիճակը կարմիր գիծ է, և անընդունելի է, որ կա ինքնորոշման իրավունք, ինչպես հենց
Արցախում են նշում: Նա միայն ասել է, որ Սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի
Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: «Իհարկե, ամենահրատապ
հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև և տարածաշրջանային խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի
հարցն է»,- շեշտել է նա:
Ի դեպ՝ Փաշինյանի
հարցազրույցը կրկին հաստատել է նաև նախօրեին մամուլում շրջանառվող Ադրբեջանի ԱԽ քարտուղար
Ռամիլ Ուսուբովի հարցազրույցում տեղ գտած պնդումները, թե Իլհամ Ալիևի պահանջով բանակցություններում
այլևս չեն օգտագործվում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» և «կարգավիճակ» արտահայտությունները:
Եվ ստացվում է, որ Փաշինյանը, փաստացի, ենթարկվում է Ալիևին և իր հարցազրույցում չի օգտագործում ո՛չ
«ԼՂ հակամարտություն», ո՛չ «ԼՂ կարգավիճակ» ձևակերպումները, թեև նույնիսկ «կարգավիճակ»
բառի կիրառությունը ԼՂ անկախ կարգավիճակի երաշխիք չէ: Այսօր ունենք մի իրողություն,
երբ հայկական կողմը ոչ միայն բանակցություններում, այլև իր հրապարակային խոսքում արտացոլում
է ադրբեջանական կողմի պահանջները:
Ըստ էության, ՀՀ իշխանությունները,
իրենց դրսևորում են այնպես, ինչպես սովորաբար անում են պատերազմում պարտված կողմերը:
Այսինքն, չեն անում քայլեր, հայտարարություններ, որոնք կսրեն իրավիճակը:
Այս բոլոր փաստերի
համադրումը հերթական անգամ հուշում է, որ ՀՀ
և Ադրբեջանի միջև ինչ-որ հարցերում ունեն կոնսենսուս: Սա այն դառն իրողությունն է,
որը հայ ժողովրդին հերթական անգամ կանգնեցնելու է կոտրած տաշտակի առաջ, երբ պարզ է
դառնալու, որ բանակցվում է հերթական ողբերգական հետևանքներ ու անդառնալի կորուստներ
ունեցող փաստաթուղթ։ Այս ամենը հերթական անգամ վկայում է, որ օրը ցերեկով ՀՀ իշխանությունները
զբաղված են հայրենավաճառությամբ։
Արմեն Հովասափյան









