Foto

Մբապեն կրկնել է Ռոնալդուի, Մեսսիի և Լևանդովսկու նվաճումները

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն երկու գոլ է խփել «Տալավերայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում (3-2)։

Ֆրանսիացին 41-րդ րոպեին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, իսկ 88-րդ րոպեին կրկին աչքի ընկավ՝ գրանցելով դուբլ։

26-ամյա հարձակվողն այս օրացուցային տարում ունի արդեն 63 գոլ՝ դառնալով 21-րդ դարի սկզբից ի վեր այդ նշաձողին հասած ընդամենը չորրորդ խաղացողը։

Ավելի վաղ նման արդյունք էին գրանցել միայն Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և Ռոբերտ Լևանդովսկին։ Կիլիան Մբապեն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 23 հանդիպումներում խփել է 28 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։

Նշենք նաև, որ ֆրանսիացի գոլահարը 2025 թվականին միայն մադրիդյան գրանդի կազմում խփել է 58 գոլ և շատ մոտ է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալում» գրանցած ռեկորդի կրկնությանը։

Եթե Մբապեն «Սևիլիայի» դեմ առաջիկա խաղում կարողանա դառնալ մեկից ավելի գոլի հեղինակ, ապա կգերազանցի պորտուգալացի աստղի ռեկորդը, որը 2013 թվականին «սերուցքայինների» կազմում դարձել էր 59 գոլի հեղինակ։