Foto

Ի՞նչ անել, որ ոչ մեկ «չշշկռի»

«ՊՆ-ում փոփոխություններ պետք է արվեն, պատերազմը ցույց տվեց, որ Գլխավոր շտաբի պետը և նախարարը պատասխանատվության տակ չմտան, մեղավոր համարեցին վարչապետին: Պատերազմը տանուլ տվեցինք, որովհետև ՊՆ նախարարը քաղաքական թիմից չէր, եթե թիմից լիներ, փախուստներ չէին լինի»։ Նման մտքեր է արտահայտել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով ՊՆ-ում արվող փոփոխություններին, ըստ որի, ԳՇ պետը դառնալու Է ՊՆ նախարարի առաջին տեղակալը:

Բանն այն է, որ պատգամավորնը ՊՆ-ում աշխատել է 1996 թվականից, երկար տարիներ զբաղեցրել է նախարարի տեղակալի պաշտոնը՝ եղել  է թիկնունքի պետ։ Հետագայում պարզվեց, որ իր պաշտոնավարման շրջանում իր նոր թիմակից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բանակում սոված է մնացել։

Այս մարդն հիմա ասում է, որ երբ ԳՇ պետն էր պատերազմում որոշում կայացնողը, պատասխանատվություն չի կրել։ Արդյո՞ք 2016թ-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնում էր Յուրի Խաչատուրովը, պատասխանատվություն չվերցրեց, արդյո՞ք այն ժամանակ փախնողներ եղան կամ 200 դոլարով երկիրը ծախողներ, ինչպես հայտարարում է ՔՊ թիմի ԱԱԾ-ն։ Ինչպես է Մելքոնյանը պատկերացնում ԳՇ պետի կամ նախարարի պատասխանատվությունն, այն դեպքում, երբ վաչապետը հայտարարում է․ «Ես եմ գլխավոր գերագույն հրամանատարը, հանկարծ չշշկռե՛ք»։ Այս դեպքում ի՞նչ կարող է անել Փաշինյանի նշանակած ոչ թիմակից Դավիթ Տոնոյանը կամ թիմակից Սուրեն Պապիկյանը։ Իսկ ի՞նչ եղավ այն նախարարների հետ, ովքեր թիմից էին. լռեցին՝ նորից իրենց պարգևավճարները ստանալու պայմանով։ Իսկ այդ նույն թիմակից, արդեն նախկին ԱԻ նախարար Անդրանի Փիլոյանին ազգային հերոսի կոչում նվիրեցին՝ այն դեպքում, երբ իր պաշտպանական շրջանից 100 մետր հող չէր մնացել, հետո էլ քրեական գործ հարուցեցին և սեփական քարոզիչների միջոցով փորձեցին արդարացնել նրան հերոսի կոչում տալը։ Պատահական՝ պատերազմից 1,5 տարի անց՝ Դանիել իոանիսյանը հիշեց, թե ինչպես են հերոսի կոչում ստացել Տիրան Խաչատրյանը և Ադրանիկ Փիլոյանն ու պարզվեց, որ հերթական անգամ «անմեղ և սուրբ» վարչապետին սխալ են զեկուցել։ Իսկ հիմա ի՞նչ երաշխիք կա, որ Պապիկյանը կամ նրա 1-ին տեղակալը սխալ չեն զեկուցի։ Օրինակ ճիշտ այնպես, ինչպես նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ով պնդում է, որ պատերազմի 4-րդ օրը զեկուցել է պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին, իսկ ՔՊ թիմն այն հերքեց 6 ամիս անց։ Ո՛չ, պարո՛ն Մելքոնյան, ուղղակի բոլորին մեկ կենտրոնից կառավարելն է այս նոր համակարգով ավելի հեշտ, այսպես ավելի հեշտ կլինի պարգևավճարների ֆոնդի հլու ու հնազանդ շահառուներ ներգրավել՝ ովքեր չեն «շշկռի» ու կիմանան, որ գլխավոր գերագույն հրամանատարը ցանկացած հարցում Նիկոլ Փաշինյանն է։  

Հեղինակ: Աննա Ավետիսյան