Հունվարի 15-ին տեղի է ունեցել «Միգրացիոն կառավարման և ինտեգրման հզորացում․ Շվեդիա–Հայաստան երկկողմ նախաձեռնություն 2025–2029 թթ․» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը։ Նիստին ներկա են եղել ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը, ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանը։
Նիստի ընթացքում շվեդական կողմը ներկայացրել է ծրագրի 2020-2026 թթ. համար նախատեսված անելիքները, քննարկվել են գործողությունների հետ կապված հարցեր։ Հունվարի 16-ին պաշտոնապես տրվել է ծրագրի մեկնարկը։ Բացման խոսքով հանդես են եկել ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Հայաստանում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը, Շվեդիայի միգրացիոն գործակալության թվայնացման և զարգացման բաժնի ղեկավար Մարկուս Տորեմարը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ ծրագրի մեկնարկը կարևոր քայլ է Հայաստանի միգրացիայի կառավարման և զբաղվածության ոլորտներում պետական կարողությունների զարգացման համար՝ ընդգծելով առաջնորդության, թվայնացման և վերադարձի ու վերաինտեգրման ուղղությունների նշանակությունը։
Շվեդական կողմը ներկայացրել է ընդհանուր ծրագիրը՝ նշելով, որ այն նպատակ ունի զարգացնել Հայաստանի պետական մարմինների կարողությունները միգրացիայի կառավարման և ապաստանի համակարգի ամրապնդման ուղղությամբ՝ ԵՄ չափանիշներին համապատասխան։ Ծրագիրը ներառում է նաև տեղահանված անձանց և փախստականների ինտեգրման կարողությունների բարելավմանն ուղղված բաղադրիչ։ Վերջինս նաև աջակցելու է ՀՀ-ԵՄ մուտքի ատոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացմանը։
Նախաձեռնությունը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից Շվեդիայի պետական զբաղվածության ծառայության աջակցությամբ և իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համակարգմամբ։