Foto

Դատարկ խոսքեր՝ դառն իրականություն

Հավանաբար քչերը կհիշեն, որ անցած տարի այս օրերին, երբ մեկնարկում էին խորհրդարանական ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը հասարակությանը մեր ժամանակի ամենասենսացիոն նորությունն էր խոստանում։ «2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը՝ վերջին 60 տարվա ընթացքում,- հայտարարում էր նա՝ անթաքույց հրճվանքով ծաղրելով նախկիններին։ -Ասում են՝ անձրև շատ է եկել, ձյուն շատ է եկել, դրա համար էլ Սևանի մակարդակն այդքան բարձր է լինելու։ Փաստորեն վերջին 60 տարվա ընթացքում Հայաստանում ո՛չ ձյուն էր եկել, ո՛չ էլ անձրև էր եկել»։ Սակայն պետք է փաստենք, որ Փաշինյանի ասած սենսացիան անցած տարի այդպես էլ չկայացավ։ Ավելին, 2021-ի հունիս-հուլիսին լճի մակարդակը ոչ միայն սենսացիոն չէր, այլև նույնիսկ ավելի ցածր էր նախորդ տարվա համեմատ, չնայած ձմռան ու գարնան առատ տեղումներին։

Ցավով պետք է արձանագրենք, որ այս տարի վիճակն էլ ավելի տխուր է։ Մայիսի առատ տեղումներից հետո լճի մակարդակը մի փոքր բարձրացել է, բայց շատ ավելի ցածր է, քան անցած տարի էր։ Նշենք, որ մինչ ոռոգման նպատակներով լճից ջրի բացթողումը՝ Սևանի մակարդակն արդեն նախորդ տարվանից ցածր է գրեթե 20 սանտիմետրով։ Դժվար չէ պատկերացնել, թե այն դեռ ինչքանով կիջնի՝ ոռոգման ջրի բացթողումից հետո (յուրաքանչյուր 10 մլն խորանարդ մետրը համարժեք է Սևանի մակարդակը 1 սանտիմետրով իջեցնելուն)։ Այս տարի, ինչպես միշտ, Սևանից նախատեսվում է վերցնել 170 մլն խմ ջուր։ Իրականում դա շատ պայմանական է, քանի որ պարզ չէ, թե ոռոգման սեզոնի վերջում ցուցանիշը կավելանա՞, թե՞ կպակասի։ Օրինակ՝ անցած տարի էլ նախատեսել էին 170 մլն խորանարդ ջուր վերցնել, ինչը հետագայում պարզվեց, որ հերիք չէ, և ավելացրին ևս 75 միլիոնով։ Ընդհանուր առմամբ՝ Սևանից վերցվեց 226 մլն խորանարդ մետր ջուր։

Կարող ենք փաստել, որ այսօր լճի մակարդակը շատ ավելի ցածր է, քան անցած տարի էր, ավելի ցածր, քան 2020թ., նույնիսկ դրանից առաջ։ Ըստ էության, Սևանի մակարդակը բարձրանալու փոխարեն, վերջին տարիներին իջնում է։ Ժամանակին, երբ Փաշինյանը Սևանի մակարդակի սենսացիոն բարձրացման մասին էր խոսում, դա փորձում էր կապել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ։ Իբր նախկինում ջուրը վատ էին կառավարում, հիմա կառավարման որակը բարձրացել է ու դա բերելու է Սևանի այնպիսի մակարդակի, ինչպիսին չի եղել անցած 60 տարվա ընթացքում։

Իր ելույթներից մեկի ժամանակ, հերթական անգամ ամեն ինչում մեղադրելով «նախկիններին» նա նշել էր. «2020 թվականին 22,8 մլն խորանարդ մետր ջուր ավելի քիչ է բաց թողնվել համակարգ, բայց 4800 հեկտար հող ավելի շատ է ոռոգվել, որովհետև Սևանից ջուր բաց թողնելու վրա մեզանից ոչ ոք միլիոնատեր չի դարձել. եթե դուք էներգետիկ համակարգի իրազեկ ներկայացուցիչների հետ խոսեք, նրանք կասեն, որ կա օդում պտտվող այսպիսի խոսակցություն, որ Սևանա լճի 1 սմ ջուրը 1 մլն դոլար է որովհետև, երբ դա բաց է թողնվում համակարգ և դառնում է էլէներգիա, այդքանով մնացած գործողությունները տեղի են ունենում» ։

Այսօր ունենք մի իրողություն, երբ փաստացի 2021-ին Սևանից ավելի շատ ջուր բաց թողնվեց, քան պիտի թողնվեր։ Այդ ջուրը, բնականաբար, անցել է հէկ-երով ու դարձել էլեկտրաէներգիա։ Բայց օդում պտտվող խոսակցությունների մասին Նիկոլ Փաշինյանն այլևս չի հիշում։ Այս տարի եղանակային պայմաններն անշուշտ բարենպաստ են Սևանից քիչ ջուր վերցնելու համար։ Ապրիլի և հատկապես մայիսի առատ տեղումներից հետո ջրամբարների մակարդակը բավական բարձր է, բայց դեռ վաղ է ասել, թե ոռոգման սեզոնին ինչ իրավիճակ կունենանք։

Ի դեպ՝ անցած տարի նույնպես մինչև հունիս եղանակային պայմանները վատը չէին գյուղատնտեսության համար, առատ տեղումները խոստանում էին, որ ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չեն լինի,  բայց հետո պարզվեց, որ այդպես չէ։ Ջրային համակարգի և եղած ռեսուրսների կառավարման թերացումների պատճառով՝ բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ բախվեցին ժամանակին ոռոգման ջուր ստանալու խնդիրների հետ, ինչի հետևանքով շատերը կորցրեցին նաև սպասվող բերքը։ Գյուղացուն ջուր հասցնելու համար կառավարությունը գնաց Սևանից լրացուցիչ ջրառ կատարելու, սակայն նույնիսկ դա չփրկեց շատերին բերքի կորուստներից։

Ինչպես հայտնում են ոլորտի մասնագետները՝ առաջիկա ամիսների եղանակային պայմանների հետ կապված կանխատեսումներն այնքան էլ հուսադրող չեն։ Հունիս-հուլիսին ջերմային բավական բարձր ֆոն է սպասվում, ինչը մեծացնում է երաշտի հավանականությունն ու ջրառի կարիքը։ Միանշանակ է, որ դա իր ազդեցությունն է ունենալու նաև Սևանի մակարդակի վրա։

Արմեն Հովասափյան