Foto

Մեդալի հակառակ կողմ էլ նայեք, պարո՛ն քաղաքապետ

Նախորդ շաբաթ արձանագրվել է կծվածության 75 դեպք, որից տեր ունեցող շների դեպքերը 30 է, իսկ անհայտ, թափառող շներից կծվածության դեպքերի թիվը՝ 42 , մյուս երեքը՝ կատուներն են կծել»: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը: Երևանի Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադառնալով «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի  գործունեությանը՝ ասաց. «Քանի որ խոսքը գնաց շների մասին, ապա, հարգելի ոստիկաններ, խնդրում եմ մեր ՀՈԱԿ-ի հետ սերտ աշխատեք, քանի որ քաղաքացիները մեր ՀՈԱԿ-ի աշխատակիցներին տարբեր հայհոյանքներ են ուղղում, նույնիսկ ֆիզիկական բռնության դեպքեր ունենք»:

Բանն այն է, որ այստեղ պետք է գտնել պատճառահևանքային կապը: Ինչո՞ւ են քաղաքացիները վատ վերաբերում ՀՈԱԿ-ի աշխատակիցներին: Դրա վառ ապացույցը վերը նշված վիճակագրությունն է՝ թափառող շների կողմից 42 կծման դեպք 1 շաբաթվա ընթացքում: Տրամաբանական հարց է առաջանում ինչո՞ւ է ՀՈԱԿ-ը դա թույլ տվել, ինչո՞ւ դա կանխելու համար ոչինչ չի արվել: Բազմաթիվ են դեպքերը երբ քաղաքացիները զանգահարում են քաղաքապետարանի թեժ գիծ, խոսում ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ և տեղեկացնում բնակելի շենքերի և մանկապարտեզներին մոտ գտնվող շների կուտակումների մասին, իսկ աշխատակիցները նույնիսկ հասցե չեն այցելում։  Բնականաբար դրան հաջորդում են կծման դեպքը, որից հետո նոր միայն այց լինում է կամ էլ՝ ոչ: Այսքանից հետո աշխատակիցներին պատահաբար հանդիպող քաղաքացիներն  ինչպե՞ս իրենց վրդովմունքը չհայտնեն: Այն ծնողն, ում երեխային կծել են, ով ստիպված իր երեխային տանում է 5 պատվաստումային դեղաչափ ստանալու, չի կարո՞ղ պատասխանատու մարմնից պահանջել կատարել իր աշխատանքը:

Հարգելի՛ քաղաքապետ, երբ դիմում եք ոստիկանությանը, գուցե նաև հորդորեք պարզել թե ՀՈԱԿ-ն ու այդ աշխատակիցներն ի՞նչ քայլեր են անում նման դեպքերը նվազեցնելու համար, իսկ ոստիկաններն էլ իրենց հերթին գոնե ինչ-որ կերպ անդրադառնան դրան ու քննության առնեն անգործության վարկածը: Մեդալի հակառակ կողմ էլ նայեք, պարո՛ն քաղաքապետ:

Հեղինակ: Աննա Ավետիսյան