Ինչպես հայտնի է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Բրյուսելի միջնորդությամբ բանակցային գործընթացի հաստատմանը զուգահեռ՝ ակտիվ շրջանառվում է այն թեման, թե Բրյուսելը չունի Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու մանդատ: Այդ իսկ պատճառով, բանակցությունների ակտիվ փուլի հետ մեկտեղ՝ բարձրացվելու է նաև այս հարցը:
Այս ֆոնին հատկանշական
է, որ թեև փաստացի ԵԱՀԿ ՄԽ-ն ընդհանրապես չի գործում 44-օրյա պատերազմից հետո, սակայն
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, դիվանագիտական հայտարարություններով
հաստատում են իրենց ԵԱՀԿ ՄԽ համանախագհող երկրի հանձնառությունը:
Ավելին, մայիսի 1-ին կայացած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցում ևս, ըստ հայկական կողմի,
ԵԱՀԿ ՄԽ թեման քննարկվել է: Այնուամենայնիվ, ռուսական կողմը հատկապես վերջին շրջանում
անընդհատ հիշում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին:
Հետևելով դեպքերի
զարգացումներին՝ հայտնի է այն, որ ապրիլին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Երևանի դիմումից
հետո, Մարիա Զախարովան աղմկահարույց հայտարարություն արեց՝ նշելով, որ Վաշինգտոնն ու
Փարիզը փաստացի կաթվածահար են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երբեմնի
համակարգված աշխատանքը՝ հրաժարվելով ռուսական մասնակցությամբ գործակցությունից։ Ստացվում
է, որ այս փուլում, ՌԴ կողմից Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո, Արևմուտքը և
մասնավորապես Բրյուսելը կարողացավ ամրապնդել իր դիրքերը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի
միջև բանակցությունների միջնորդ, կարողանալով կազմակերպել ոչ միայն Փաշինյան-Ալիև հանդիպումներ,
այլև կողմերի միջև ուղիղ շփումներ հաստատել՝ Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցներ,
Գրիգորյան-Հաջիև հանդիպումներ և ներկայումս արդեն՝ սահմանազատման գործընթաց, որը կողմերի
միջև տեղի է ունենում դեռևս առանց ընդգծված մեկ միջնորդի:
Ընդհանուր տրամաբանության
շրջանակը վկայում է, որ Բրյուսելը փաստացի չունի մանդատ, սակայն հաստատապես ունի հստակ
պլան, որի ուղղությամբ շարժվում է այս գործընթացում՝ որպես միջնորդ չտապալվելու և Արևմուտքի
շահերը չկորցնելու համար: Ըստ էության, այս պահին միակ
մանդատ ունեցող հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և հենց սա է պատճառը, որ համանախագահ
որևէ երկիր չի մերժում իր դերն այս ձևաչափում անընդհատ փոփոխվող աշխարհում։ Պարզ է
նաև այն, որ ներկայիս փուլում այս ձևաչափը նաև տուժում է աշխարհաքաղաքական բոյկոտի
հետևանքով, չնայած ԵԱՀԿ ՄԽ-ն ունի և ունեցել է առանցքային այլ խնդիրներ ևս:
Ի դեպ՝ հետաքրքրականն
այն է, որ այս ձևաչափի դեպքում կարևոր է այն, որ կա մանդատ, կարևոր է ինքնին ձևաչափը,
ներգրավված երկրների կազմը, որը խաղաղ իրավիճակում կայունության գործոն է, բայց նաև
այն խնդրահարույց է, քանի որ մշտապես եղել են բարդ հարաբերություններ հակամարտող կողմերի
և միջնորդ երկրների միջև, իսկ ներկայումս դրանք ընդհանրապես ճգնաժամային են:
Ավելին, եթե ուշադրություն
դարձնենք հայտարարություններին, կտեսնենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման
գործընթացը դեռ սպասվում է, կոնկրետ, որպես առանձին միավոր՝ Ղարաբաղի մասին չի խոսվում,
և Բրյուսելն այսօր զբաղվում է առավելապես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով, տարածաշրջանի
հարցերով, հակամարտության կարգավորումը պետք է սկսվի այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի»
մշակմամբ: Այնուհանդերձ շատ բան այս հարցում կախված է, թե ինչպես ու երբ կավարտվի ուկրաինական
պատերազմը, այդ ընթացքում ինչ պայմանավորվածություններ կհասցնեն ձեռք բերել կողմերը,
և ամենագլխավորը՝ Ռուսաստանն ինչ դիրքորոշում կունենա այդ ամենի հարցում:
Ակնհայտորեն ուրվագծվում
է, որ Բրյուսելը խնդիր ունի ամրապնդել Երևան-Բաքու ուղիղ երկխոսությունը, որպեսզի դասական
միջնորդի դերակատարություն չունենա և հակամարտությամբ անընդհատ չզբաղվի: Իհարկե, Բրյուսելի
համար նույնիսկ նախընտրելի կլինի, որ առանց Մոսկվայի, Երևանն ու Բաքուն բանակցեն, գան
համաձայնությունների՝ այս դեպքում Բրյուսելի համար չկա նախընտրելի սցենար, թե տեղում
հարցը ինչպես կլուծվի, նախընտրելի է, որ կողմերը հանգեն համաձայնության, և դա ամրագրվի
երկկողմ փաստաթղթով, բնականաբար, որքան հեշտ ու արագ, այդքան նախընտրելի, որպեսզի Մոսկվան
դրանում գրեթե չլինի: Այս բոլորը, սակայն, կախված է ուկրաինական իրադարձություններից:
Եթե ավելի անկեղծ՝
ապա ընդհանուր այս գործընթացում խաղադրույքները բավական բարձր են, քանի որ Միշելի վերջին
հայտարարությունում նաև առանձին բաղադրիչով ներկայացված էր սոցիալ-տնտեսական ծրագրերը,
որոնք ԵՄ-ն անելու է տարածաշրջանում։ Ինչպես հայտնի է՝ վերջին շրջանում ակտիվ խոսվում
է աջակցության ծրագրերի մասին, միանշանակ է, որ Բրյուսելը գործի է դրել իր ողջ արսենալը:
Արմեն Հովասափյան









