Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 3-ին ոստիկանների եւ «Դիմադրություն» շարժման մասնակիցների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց դիմած 60 անձանցից 59-ը դուրս են գրվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից։
Մեզ հետ զրույցում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն ասաց, որ բուժումը հիվանդանոցում շարունակող քաղաքացու վիրահատությունը բարեհաջող է անցել։
Բախման հետեւանքով քաղաքացին վնասվածք է ստացել գլխի շրջանում։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 3-ին նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չէին ներկայացել նիստին եւ տապալել էին այն: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել էին Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:
Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացել էին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվել դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ՝ ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։
Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները հրաժարվել էին բացել ճանապարհը, որից հետո ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում էր սկսվել։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման էին ենթարկել բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաեւ հատուկ միջոցներ էին կիրառել, մասնավորապես՝ ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել էր, այդ թվում՝ ոստիկանների։ Մի քանի տասնյակ քաղաքացի եւ ոստիկան տեղափոխվել էին հիվանդանոց։









