Հայաստանում
հաստատված քաղաքական ճգնաժամը գոյություն ունեցող բարոյականության ճգնաժամի պրակտիկ
դրսևորումն է։ Իսկ բարոյականության ճգնաժամը երկրում այնքան խորն է, որ դրա հաղթահարման
հնարավորությունները գտնվում են զուտ թեորյայի
դաշտում։
Միանշանակ քաղաքագիտական, դասագրքային ճշմարտություն է այն, որ քաղաքականությունն ու բարոյականությունը գտնվում
են դիալեկտիկական կապի մեջ։ Հայտնի է նաև, որ, փիլիսոփայական առումով, քաղաքականությունն
ամենաբարոյական զբաղմունքներից մեկն է, քանի որ դրա նպատակը մարդկանց կյանքն ավելի
լավը դարձնելն է։ Արդեն կիրառական հարթությունում՝ քաղաքականությունը նույնացվում է
անբարոյականության հետ, քանի որ այդպիսին են այն դարձնում դրանով զբաղվողները։
Ինչպես հայտնի է՝ Հայաստանում
հաստատված անբարոյականության ճգնաժամի աղբյուրը իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
44-օրյա աղետալի պատերազմից հետո, բարոյականության նշույլ ունենալու պարագայում, նա
պետք է հեռանար՝ առնվազն ներողություն խնդրելով ու ներում հայցելով, բայց նա ոչ միայն
չգնաց, այլև նպաստեց, որ բարոյականության ճգնաժամն էլ ավելի խորանա։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ինքը
խոստովանել է, որ մեղավոր է պատերազմի համար, ուղիղ տեքստով ասել է, որ կարող էր կայացնել
որոշումներ, որոնց արդյունքում պատերազմը կունենար նույն ելքը, «իհարկե, առանց զոհերի»։
Այսինքն՝ մարդը խոստովանել է սեփական հրեշավոր մեղավորությունը, բայց դրա համար պատասխանատվություն
չի կրել։ Սա հանրային բարոյականությանը հասցված
մեծագույն վնաս է, քանի որ, պահպանելով իշխանությունը, Նիկոլը բոլորին ուղերձ
է հղել այն մասին, որ կարելի է գործել հանցանքներ ու մնալ անպատիժ։
Միանշանակ է, որ Հայաստանն
այսօր ապրում է հենց այդ՝ անպատժելիության համախտանիշով. բոլորը գիտեն, որ կարելի է
գործել հանցանքներ ու մնալ անպատիժ, ավելին, բոլորը գիտեն, որ կարելի է լինել անբարոյական։
Հանրային անբարոյականությունը շատ ավելի վտանգավոր է ու կործանարար, քան կենցաղային
անբարոյականության նույնիսկ ամենազազրելի դեպքերը։ Անբարոյականության հասարակությունը
կարմիր գծեր ու արգելակներ չունեցող մարդկանց հավաքականություն է, որը հանուն այսրոպեական
շահի պատրաստ է առանց բացառության ամեն ինչի։
Եթե փորձեմ ավելի պատկերավոր
ու ընդհանրական ներկայացնել, ապա հայտնի, այսպես կոչված, «պողպատյա մանդատը», որի մասին
ամեն առիթով հիշատակում է Փաշինյանը, իրականում անբարոյականության մանդատ է, քանի որ
նրա իշխանությունն այն օգտագործում է ամեն գնով «խաղաղություն հաստատելու» համար՝ փողոցային
անբարոյականի նման։ Փաստացի, այսօր ունենք մի իրողություն, որտեղ կարող ենք արձանագրել հետևյալը. կենցաղային ու համապետական
անբարոյականության տարբերությունն այն է, որ առաջինը համարվում է պոռնկությունը, իսկ
երկրորդը ներկայացվում է՝ որպես «արտաքին քաղաքական կառուցողականություն»։
Միանշանակ է նաև այն,
որ իրերի ու իրողությունների դրությունն անվանումներից չի փոխվում։ Ինչպես որ չի փոխվում
աշխարհի վերաբերմունքը. և՛ փողոցում ծառայություններ մատուցողին, և՛ համաշխարհային քաղաքականության
միջանցքներում քաղաքական մարմնավաճառությամբ զբաղվողներին վերաբերվում են նույն կերպ՝
գուցե այն տարբերությամբ, որ երկրորդների թեյավճարը թողնում են շվեյցարական բանկի որևէ
հաշվեհամարին։
Եվս մեկ անգամ վերահաստատենք,
որ Հայաստանում հաստատված քաղաքական ճգնաժամը, խորքային առումով, կարող է լուծվել միայն
բարոյականության ճգնաժամի հաղթահարումից հետո։ Բայց դա գործնականում անհնար է այնքան
ժամանակ, քանի դեռ իշխանությունը պատկանում է նրանց, ովքեր հանդիսանում են բարոյականության
ճգնաժամի հիմնական աղբյուրը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, հատկապես անբարոյականության
հետևանքներով։
Արմեն Հովասափյան









