Foto

Իրանը սատարում է հայ–ադրբեջանական բանակցություններում գրանցված առաջընթացը. Ռայիսի

Իրանը Հայաստանին բարեկամ երկիր է համարում և մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարևանությանը։ Ինչպես հայտնում է «Mehr» իրանական գործակալությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հեռախոսազրույցում այդ մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Ռայիսին Իրանի և Հայաստանի միջև շարունակվող խորհրդակցությունները բնութագրել է որպես երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները կարևորելու և ավելի խորացնելու նշան։

«Իրանի համար սկզբունք է պաշտպանել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, այդ թվում՝ միջազգային սահմանները, հարգել երկրների ինքնիշխանությունը, ամրապնդել տարածաշրջանների միջև հաղորդակցման ենթակառուցվածքները»,–ասել է Իրանի նախագահը։

Նա նաև կոչ է արել ընդլայնել Իրանի և Հայաստանի երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում` նշելով, որ այդ կապը կամրապնդի տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը, տնտեսական ու առևտրային բարգավաճումը:

«Իրանը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում գրանցված առաջընթացը»,–ասել է Ռայիսին` հույս հայտնելով, որ բոլոր հարցերը կլուծվեն խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան` հարգելով երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

ՀՀ նախագահն իր հերթին ներկայացրել է ձեռք բերված պայմանավորվածությունները և բարձր գնահատել Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Խաչատուրյանի բնորոշմամբ` տարածաշրջանում Իրանի դերակատարությունը կարևոր և արդյունավետ է։

ՀՀ նախագահը հայտնել է, որ Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ տնտեսական, առևտրային, քաղաքական և մշակութային համագործակցության ընդլայնման հարցում։ Խաչատուրյանն ասել է նաև, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի անցկացումը կդյուրացնի և կարագացնի երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման գործընթացը:

Խաչատուրյանը նաև ողջունել է Թեհրանում «3+3» ձևաչափով գագաթնաժողովի հնարավորինս շուտ անցկացումը։