Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Մ.-ն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի սկզբնամասում՝ կամրջի տակ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Երքաղույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Սարգիս Մ.-ն, ուղևորներ Ռոման Շ.-ն, Հայկ Հ.-ն, որոնց տարինքներն ու բնակության հասցեները ճշտվում են, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։









