Foto

Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ձերբակալվել է։ Վերջինիս փաստաբան Բենիկ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Խաչատրյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ 

Կասկածանքի շուրջ Խաչատրյանը դիրքորոշում է հայտնել՝ նշելով, որ որևէ ապօրինի գործողություն չի իրականացրել, որևէ մեկին «մատով չի կպել»։ Տիգրան Խաչատրյանի ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկվել է, սակայն փաստաբանը դեռևս տեղեկություն չունի՝ բողոքը մակագրվել է արդյոք, թե ոչ։ Այս պահի դրությամբ՝ Խաչատրյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, նրա և ոստիկանության ծառայողների մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի չի ունեցել։

Հիշեցնենք, որ Երևանում և մարզերում ավելի քան մեկ ամիս է, ինչ անհնազանդության ակցիաներ են իրականացվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Երեկ Երևանում տեղի ունեցած ակցիաներն առավել լարված մթնոլորտում են անցել։ «Դիմադրության» շարժման մասնակիցները քայլերթ են իրականացրել դեպի նախարարությունների շենքեր՝ պարզելու նախարարների դիրքորոշումը՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցի վերաբերյալ: Քաղաքացիները շրջափակել էին Կառավարության 3-րդ մասնաշենքը, ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև հրմշտոց էր սկսվել։ Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ Կառավարության 3-րդ մասնաշենքի տարածքից երեկ բերման էր ենթարկվել 111 քաղաքացի՝ խուլիգանության կասկածանքով։ Այսօր արդեն ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած ակցիաների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ զանգվածային անկարգությունների հատկանիշներով, որի շրջանակներում ձերբակալվել է ութ անձ՝ զանգվածային անկարգությունների մասնակցելու կասկածանքով։ Ձերբակալվածների թվում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։

Նույն օրվա իրադարձություններին առնչվող քրեական գործերից մեկով, ինչպես արդեն պարզվեց, ձերբակալված է նաև Սուրիկ Խաչատրյանի որդին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո