Foto

Առանձնատունը Օհանյանին չի պատկանում, բայց դատախազությունն այլ համոզմամբ է դիմել դատարան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. ապրիլի 27-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ս. Օհանյանից և  նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝   

 Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1.092.538.513 ՀՀ դրամ։  

  477.473.907 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600.762.179 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: 

Հաղորդագրության վերաբերյալ մեկանաբանություն խնդրեցինք Սերյան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանից։ «Պարոն Օհանյանի ապօրինի հարստացման հետ կապված իրական հիմքեր չունեն։  Այս քաղաքացիական վարույթում ապօրինի հարստացման դեպք առկա չէ, իսկ այն գույքի հետ կապված, որի բռնագանձման պահանջով դիմել են դատարան, պատկանում է այլ անձի, ով օտարերկրյա քաղաքացի է և Օհանյանի հետ որևէ առնչություն չունի»,- նշեց Մեժլումյանը։

-          Ձեր ասածը վերաբերում է առանձնատա՞նը։

-          Այո։

-          Բայց չէ՞ որ Սերյան Օհանյանն է բնակվում Վահագնի թաղամասի այդ տանը և երբեք չի հերքել իր՝ Վահագնի թաղամասում բնակվելու մասին տեղեկությունը։

-          Ո՛չ, այդ առանձնատանը չի բնակվում, դա մոլորություն է։ Պարոն Օհանյանը Վահանգնի թաղամասում բնակվում է իր մտերիմ ընկերներին պատկանող մեկ այլ տանը: Դա լուսանկարներով տարածվող առանձնատան հետ ամենևին կապ չունի։ Նա այդդտեղ չի բնակվում և երբեք չի էլ բնակվել, դա այլ անձի սեփականություն է։

-          Վարույթի շրջանակներում պարոն Օհանյանը հարցաքննվե՞լ է, բացատրություն տվե՞լ է։

-          Մենք տեղյակ ենք եղել ընթացակարգի և հարուցված վարույթի մասին, նաև տեղյակ ենք պահել, որ գույքը պարոն Օհանյանին չի պատկանում։

-          Պարոն Օհանյանն ի՞նչ կարծիքի է՝ վարույթում քաղաքական ենթատեքստ, միտում կա՞։

-          Բնականաբար կա և պարոն Օհանյանը դրա հետ կապված իր հայտարարություններն արել է։ Ես դրանից ոչ ավելի և ոչ էլ պակաս որևէ բան չեմ ուզում ասել։

 ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ աբրահամյանը Vesti.am-ի խնդրանքով մեկնաբանեց փաստաբանի այն դիտարկումը, որ գույքը չի պատկանում Օհանյանին, բայց այն բռնագանձելու պահանջ է ներկայացվել։ Աբրահամյանն ուշադրությունն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վարույթը սկսվել է Օհանյանի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ։ «Գույքն այլ անձի անունով է, բայց դատախազությունը հայցն ուղարկել է այն համոզմամբ, որ տվյալ գույքը փաստացի պատկանում է Սերյան Օհանյանին։ Դատական գործընթացի ընթացքում կողմերը կներկայացնեն իրենց փաստարկները, ապացույցները և ըստ դրա դատարանը համապատասխան հետևություններ կանի և որոշում կկայացնի»,- եզրափակեց Գոռ Աբրահամյանը։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան