Foto

Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյան

Հայաստանի և Ադրբեջանի` սահմանազատման և անվտանգության հարցով ազգային հանձնաժողովների առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայկական հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մայիսի 24-ին մենք մեր առաջին հանդիպումն անցկացրինք սահմանին։ Այս հանդիպմանը քննարկել ենք հետագա համատեղ աշխատանքի բացառապես կազմակերպչական հարցերը, և այս առումով հանդիպումը համարում եմ բավականին կառուցողական։ Դեռևս համաձայնություն չկա սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստի ժամկետի վերաբերյալ, սակայն կա հստակեցում, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում»,- ասաց նա։

Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ կկայանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը.

«Այս հանդիպման կոնկրետ ժամկետն այժմ համաձայնեցման փուլում է, և հանդիպման օրակարգում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր, այս հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի»,- հավելել է նա։