Խորհրդարանն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավորների հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքն ուժի մեջ մտնելուց 10 օր հետո Հայաստանում հնարավոր չի լինելու իրականացնել կանխիկով խաղադրույք, բացի այդ, 6 ամիս հետո հնարավոր չի լինելու խաղադրույք կատարել վճարային սարքերի միջոցով: Նախագծով սահմանվում է նաև, որ շահումը փոխանցվում է բանկային պրակտիկայում ընդունված անկանխիկ եղանակով:
Արգելվում է շահումը փոխանցել այն հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված անկանխիկ վճարները: Նախագիծն ընդունվեց բացառապես ՔՊ-ական պատգամավորների 67 կողմ ձայներով:
Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են ԱԺ նիստերը և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են անում:









