Հավանաբար շատերս
ենք հիշում, երբ ՀՀ-ում պետական կարգը տապալելուց և իշխանության գալուց շատ չանցած՝
Նիկոլ Փաշինյանի կառավարության փոխվարչապետերից մեկը ոգևորված հայտարարում էր, թե կարճ
ժամանակահատվածում իրենց հաջողվել է, որպես Վերին Լարսին այլընտրանք, հայկական բեռնափոխադրողների
համար այլ ցամաքային ճանապարհների բացման հնարավորություններ ստեղծել։ Անցել է 4 տարի,
սակայն այդպես էլ ոչ մի այլընտրանքային ճանապարհ չի բացվել, ավելին՝ այսօր բեռնափոխադրողները
կանգնած են շատ ավելի ծանր խնդիրների առաջ։ Բանն այն է, որ արդեն տևական ժամանակ բազմաթիվ
բեռնափոխադրողներ չեն կարողանում հատել Լարսի անցակետը։ Եթե նախկինում օրերով էին սպասում
իրենց հերթին, հիմա նույնիսկ շաբաթներով չեն կարողանում անցնել սահմանը։
Կարևոր է արձանագրել,
որ տևական ժամանակ է, ինչ Լարսում պարբերաբար կուտակվում են հարյուրավոր հայկական բեռնատարներ,
որոնց վարորդները շաբաթներով անցկացնում են ճանապարհներին, իսկ իշխանությունների կողմից
քար անտարբերություն է, ոչինչ չեն անում, որպեսզի օգնեն մարդկանց։ Ընթերցողին հիշեցնենք,
որ այս իշխանությունները ժամանակին, որպես դասական պոպուլիստներ, իբր Վերին Լարսի անցակետում
ծագող խնդիրները հրատապ լուծելու, բեռնափոխադրողներին օժանդակելու նպատակով, անգամ
հատուկ ներկայացուցիչ էին նշանակել, պետբյուջեի հաշվին գումարներ ու միջոցներ հատկացրեցին,
բայց հերթական անգամ տեսնում ենք, որ հայտնվում ենք ի շրջանս յուր, ոչ մի տեղաշարժ
ու ոչ մի կարգավորում։
Նշենք, որ նախկինում
անցակետի հետ կապված խնդիրներ էին առաջանում հիմնականում եղանակային պայմանների պատճառով,
երբ ճանապարհները դառնում էին անանցանելի ու հնարավորություն չէր լինում կազմակերպել
երթևեկությունը։ Ըստ էության, դա օբյեկտիվ իրավիճակ էր, որի հետ մարդիկ ստիպված էին հաշտվել։
Հիմա բոլորովին այլ իրավիճակ է, այլ խնդիրներ են առաջացել, որոնք կապված չեն ձյան ու
անձրևի, նաև փլուզումների ու ճանապարհների անանցանելիության հետ։ Եղանակային պայմանները
խոչընդոտ չեն, փոխարենը՝ հայկական բեռները շաբաթներով չեն կարողանում հատել սահմանը,
մեծ կուտակումներ են, ու դրա հետևանքով տուժում են հիմնականում հայկական բեռնափոխադրողները։
Մարդիկ դժգոհում են, որ ավելի հաճախ այլ երկրների բեռներն են բաց թողնում, իսկ հայկական
մեքենաները մնում են կանգնած։
Մասնավորապես,
ժամանակին, երբ նման խնդիրներ էին առաջանում՝ իշխանությունները գոնե փորձում էին դրսի
իրենց գործընկերների միջոցով որոշակի լուծումներ գտնել. թեմային միջամտում էին դեսպանները, երբեմն փոխնախարարների,
նաև նախարարների մակարդակով այցեր էին կազմակերպվում՝ տեղում իրավիճակին
ծանոթանալու և իրավիճակից ելքեր գտնելու համար, սակայն հիմա ամեն ինչ թողնված է ինքնահոսի,
ոչ մի քայլ։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ ապրիլի կեսերից մարդիկ մնացել են Լարսի ճանապարհներին,
և ոչ մի արձագանք ոչ մի պետական մարմնից։
Ինչպես հայտնի
է՝ հաշված օրեր հետո կմեկնարկի առանձին գյուղմթերքների բերքահավաքն
ու արտահանման կազմակերպումը, և եթե մինչ այդ չհաջողվի լուծել խնդիրը, գյուղացին ու
արտահանողը կանգնելու են լուրջ փաստի առաջ։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել,
եթե շաբաթներով տեղափոխվող գյուղմթերքը մնա ճանապարհին։ Բացի այն, որ մարդիկ ստիպված
կլինեն ֆինանսական մեծ կորուստներ կրել, կընկնի ապրանքի որակը, կարող է նաև այն ընդհանրապես
տեղ չհասնել ու փչանալ կես ճանապարհին։
Ըստ տարբեր տեղեկությունների՝
միայն մի քանի հազար մեքենա կա կուտակված վրացական կողմում, մի մասը նույնիսկ նախընտրում
է հետ վերադառնալ կես ճանապարհից։ Սա խնդիր է, որի լուծումը պետք է տան ոչ թե բեռնափոխադրողները
կամ քաղաքացիները, այլ իշխանությունները։ Իշխանությունները մտածել ու իրենց հաշվով
լուծում են գտել՝ մարդիկ առաջարկում են օգտվել լաստանավից։ Ի դեպ՝ Փոթի-Կովկաս և հակառակ
ուղղությամբ լաստանավը պիտի սկսի աշխատել և բեռներ տեղափոխվել հունիսի 15-ից։
Առկա խնդիրները,
որոնց բախվել են բեռնափոխադրողները, մոտ մեկ ամիս առաջ են ծագել, այսօր դրանք հրատապ
լուծում են պահանջում, իսկ կառավարությունն առաջարկում է առնվազն ևս մեկ ամիս սպասել՝
լաստանավից օգտվելու համար։ Որքան էլ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել
սուբսիդավորել լաստանավային փոխադրումները, դա այն չէ, ինչը կարող է գայթակղիչ լինել
բեռնափոխադրողների համար։ Հավելենք նաև, որ նման փոխադրումներ կազմակերպելու փորձեր
նախկինում բազմիցս արվել են, բայց հետո հասկացել են, որ այն չի կարող այլընտրանք լինել
ցամաքային փոխադրումներին։ Ի դեպ՝ Հայաստանում շատ քիչ են այն ապրանքները, որոնք կարող
են փոխադրվել լաստանավով։ Բանն այն է, որ լաստանավային փոխադրումները ոչ միայն ծախսատար
են, այլև ժամանակատար և նշենք, որ ոչ բոլոր ապրանքների տեղափոխումն է դրանով նպատակահարմար՝
նույնը նաև գյուղմթերքին է վերաբերում։
Ամփոփելով հավելենք,
որ խնդրի լուծումը պետք է փորձել գտնել այնտեղ, որտեղ այն առաջացել է։ Այդ լուծումը
կարող է լինել Վերին Լարսում հայկական ապրանքների համար «կանաչ ուղու» ստեղծումը։ Ի
վերջո, Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է և պետք է ունենա շատ ավելի արտոնյալ անցումային
ռեժիմ, քան այն մյուս երկրները, որոնք ևս բեռնափոխադրումներ են իրականացնում այս անցակետով։
Արմեն Հովասափյան









