Փետրվարի 24-ից, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, աշխարհաքաղաքական կենտրոնները, չնայած իրենց համար առաջնային համարվող պատերազմի ֆոնին, բնավ անտարբեր չեն վերջին շաբաթներին Հայաստանում ծավալվող ընդդիմության անհնազանդության ակցիաների, հանրահավաքների նկատմամբ։ Ավելին, հայաստանյան ներքաղաքական ինտենսիվ զարգացումները ստվերեցին դիվանագիտական երկու հայտարարություն, որոնք տարածվել էին օրերս: Հավելենք, որ այդ հայտարարություններն ակնհայտորեն պատահական չեն և հստակ ուղերձներ են պարունակում։
Փաստն այն է, որ Ռուսաստան-Արևմուտք լարվածությունն ամենաթեժ փուլում ՀՀ իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» ստորագրել, որի շրջանակում Արցախի ապագան, մեղմ ասած, խիստ մտահոգիչ է, իսկ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դրա դեմ փողոցային պայքար է նախաձեռնել:
Խոսքը բոլորովին վերջերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հարցազրույցի մասին է, ով նշել էր, թե «ԱՄՆ-ը հանձնառու է օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ»: Ըստ էության, նման ձևակերպմամբ դեսպան Լին Թրեյսին, ով բավական փորձառու դիվանագետ է և երբեք պատահական դիտարկումներ չի հնչեցնում, իր անթաքույց աջակցությունն է հայտնում Փաշինյանի իշխանությանը՝ այն համեմելով «ժողովրդավարություն», «արժեքներ» և այլ «գեղեցիկ» բառերի սոուսով, որոնք որևէ առնչություն չունեն Նիկոլի իշխանության հետ: Ի դեպ՝ նմանօրինակ ձևակերպումներով աջակցությունը ՀՀ իշխանությանն ավելի մտահոգիչ է հատկապես վերջին շրջանում ոստիկանության կիրառած աննախադեպ բիրտ ուժի պայմաններում (նույն դեսպան Թրեյսին վստահաբար ծանոթացել է համացանցում շրջանառվող ակնհայտ բռնություն պարունակող կադրերին, սակայն այդ մասին ոչ մի բառ չի ասում՝ պահպանելով «լռության ուխտ»):
Այս աշխարհաքաղաքական վերադասավորումների ֆոնին կարևոր է փաստել, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ը Ռուսաստանին հակակշիռ չի կարող ձևավորել Իրանի միջոցով և այդ հարցում ունի միայն մեկ դաշնակից՝ Թուրքիան: Դրան հավելենք, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կա իշխանություն, որը պատրաստ է միակողմանի և գլոբալ զիջումների հաշվին ձևավորել այնպիսի միջավայր (կամ արդեն ձևավորել է), որը հնարավորություն կտա Թուրքիային, ներթափանցելով Հայաստան, բարձրացնել սեփական դերը ամբողջ Հարավային Կովկասում և ռեալ հակակշիռ ստեղծել Ռուսաստանին: Կայացած փաստ է այն, որ ներկայումս ԱՄՆ-ը հետաքրքրված է թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ հայ-թուրքական կարգավորման գործընթացներով:
Հավելենք, որ Թրեյսիի հայտարարությունից շատ կարճ ժամանակ անց հայտարարություն տարածեց նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, որը վերաբերում էր կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում ՌԴ և ՀՀ համագործակցությանը։
Գաղտնիք չէ, որ Հայաստանում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաների թեման ՌԴ ամենացավոտ կետերից մեկն է, ռուսական մտահոգությունները փարատելու նպատակով ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել դեռևս անցյալ տարի, սակայն դա կարծես բավարար չէ, կամ թեման նոր սրությամբ է ընկալվում ՌԴ-Արևմուտք լարվածության պայմաններում:
«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է արդյունավետ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում։ Դրա ակտիվացմանը նպաստեց 2021 թվականի մայիսին կենսաբանական անվտանգության ապահովման երկկողմ փոխըմբռնման միջկառավարական հուշագրի ստորագրումը»,- նշում է դեսպանատունը:
Ըստ դիվանագիտական ներկայացուցչության՝ միևնույն ժամանակ, կենսաանվտանգության մասին հիշյալ հուշագրի կատարման համատեքստում ՌԴ-ն դեռևս ունի հարցեր՝ կապված կենսաբանական ոլորտում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Հայաստանի փոխգործակցության մասին ստացվող տեղեկատվության հետ, ներառյալ՝ ռազմական գերատեսչությունների միջոցով։
«Մանրակրկիտ վերլուծության է արժանի նաև արևմտյան մասնավոր ընկերությունների գործունեությունը, որոնք կենսաբանական հետազոտություններ են իրականացնում Պենտագոնի շահերից ելնելով Անդրկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանում ուկրաինական կենսանախագծերին մասնակցող կառույցների առկայությունը»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ, որով ռուսական կողմն իր մտահոգությունն է հայտնում և, ըստ էության, զգուշացնում ՀՀ իշխանություններին ԱՄՆ-ի հետ նրանց համագործակցության վերաբերյալ:
Միանշանակ է, որ նշված հայտարարությունն ունի արտաքին և ներքին հասցեատերեր, ինչն իր հերթին ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ գեոպոլիտիկ պայքարը Հայաստանում նոր փուլ է թևակոխում:
Արմեն Հովասափյան









