Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ Մինասյանի բողոքի քննության շրջանակներում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ բողոքաբեր կողմը գտնում է, որ Բիշարյանի նախագահությամբ դատարանն օրենքով ստեղծված համարվել չի կարող։ Մասնավորապես, դատավոր Կարեն Բիշարյանին բողոքը մակագրվել է դատարանի նախագահի կողմից՝ ձեռքով, ընդ որում, երաշխիքներ չեն ներկայացվել՝ արդյոք պահպանվել է օրենքով սահմանված՝ այբբենական մակագրման կարգը։ Բողոքաբեր կողմն ավելի վաղ պարզաբանումներ էր պահանջել՝ մակագրման ընթացքում գործերի հաջորդականության վերաբերյալ, ինչը սակայն, չի տրամադրվել։
Ինքնաբացարկի միջնորդությամբ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը մեջբերել է նաև հեղինակություն ունեցող դատավորների մտահոգությունները՝ կապված ձեռագիր մակագրումների ընթացքում հնարավոր խախտումների, օրենքով չստեղծված դատարան լինելու, կոնկրետ դատավորների՝ բազմադրվագ, բարդ, աղմկահարույց գործերից մեկուսացման հետ։ Հակոբ Մարտիրոսյանը փաստեց՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործը, որով ամիսներ շարունակ առգրավված է եղել էլեկտրոնային մակագրման համակարգը, չի կարող համարվել անհաղթահարելի ուժ։ Արծվիկ Մինասյանը և դատական նիստերի դահլիճում գտնվող՝ զոհված, անհետ կորած զինծառայողների հարազատները միացան միջնորդությանը։ Արծվիկ Մինասյանն արձանագրեց՝ կա կանխակալ մոտեցում գործի նկատմամբ, գործի զգայունությունը հաշվի առնելով՝ կարևոր է, որ հանրության լայն շրջանակներում վստահություն լինի՝ պատշաճ քննության վերաբերյալ։
Պատգամավորի փոխանցմամբ՝ բավարար ջանքեր չեն ցուցաբերվել նախագահողի կողմից՝ մակագրման ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու առումով։ Դատախազներ Արմեն Մուրադյանը և Արշակ Մարտիրոսյանն առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։ Նշենք, որ խոսքը նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ Մինասյանի՝ դեռևս 2021թ. հունիս ամսին ներկայացված հանցագործության մասին հաղորդման մասին է։ Մասնավորապես, նրանք հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է և մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն և դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։









