ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն բացակայությունների թույլատրելի շեմը հատել է 10-ից ավելի պատգամավոր։ Սույն թվականի մայիսի 11-ի դրությամբ տեղի ունեցած 193 քվեարկության արդյունքներով առաջին 10 բացակայող պատգամավորների թվում են՝ Արմեն Չարչյան՝ 153 բացակա՝ 34 հարգելի, Գեղամ Մանուկյան՝ 129 բացակա՝ 1 հարգելի, Արթուր Վանեցյան՝ 115 բացակա՝ 0 հարգելի, Անդրանիկ Թևանյան՝ 105 բացակա՝ 1 հարգելի, Ասպրամ Կրպեյան՝ 103 բացակա՝ 1 հարգելի, Արմեն Ռուստամյան՝ 102 բացակա՝ 1 հարգելի, Լիլիթ Գալստյան՝ 99 բացակա՝ 1 հարգելի, Արթուր Ղազինյան՝ 99 բացակա՝ 1 հարգելի, Վահե Հակոբյան՝ 98 բացակա՝ 1 հարգելի։
Սակայն, ըստ ԱԺ կանոնակարգի, պատգամավորները
մինչ այս նստաշրջանի ավարտը՝ հուլիսի 17-ը, չեն կարող զրկվել մանդատներից: Ըստ Սահմանադրական
օրենքի 156-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների
առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու
հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում ԱԺ խորհուրդը,
ինչպես նաև կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:
Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների
վերաբերյալ հարցը քննարկվում է առանձին: Քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած
այլ պատգամավոր կարող են ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ
խոսքով:
Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝
երկշաբաթյա ժամկետում, Խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով
Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում է ընդունում, ապա Ազգային ժողովի նախագահն
այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է Սահմանադրական դատարան՝ նշելով Սահմանադրական դատարանում
հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձի
անուն-ազգանունը: Եթե Խորհուրդը չի ընդունում, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածի
1-ին մասի 2-րդ կետի համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը
կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու
հարցով դիմել Սահմանադրական դատարան:
Նշենք նաև, որ յուրաքանչյուր խմբակցություն
նստաշրջանի ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ բոյկոտել նիստերը: «Հայաստան»
և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախկինում օգտվել են իրենց այդ հնարավորությունից:
Այժմ, նրանք փողոցային պայքարի են դուրս եկել և կրկին չեն մասնակցում ԱԺ աշխատանքներին, իսկ իշխանական պատգամվորներն առիթը բաց չեն
թողնում ասելու, որ ամեն ինչ անելու են նրանց մանդատից զրկելու համար։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը բացակայությունների հացի շահարկումը համարում է
ճնշում ընդդիմության նկատմամբ։ «Այդ ճնշման միջոցը, կարծում եմ, իրավաչափ չէ, քանի որ ԱԺ պատգամավորների բացակայությունը
քաղաքական բնույթ կրող արտահայտման իրավունքի դրսևորում է։ Նրանք բացատրել են՝ ինչու
չեն մասնակցում ԱԺ նիստերին և իրենց տրված մանդատն իրացնում են այն շրջանակներում,
որոնց համար ընդդիմադիր պատգամավորների ընկալմամբ նրանց տրվել է այդ մանդատը։ Այն չի
տրվել նրանց գնալ և ԱԺ-ում ՔՊ-ի բերած օրինագծերի քվեարկության մասնակցելու ձևով։ Այս
առումով, կարծում եմ, այն կհակասի քաղաքական գործունեության ազատությանը։ ԱԺ պատգամավորներն
իրենց գործունեությունն իրականացնում են իրենց տրված մանդատի շրջանակներում՝ տվյալ
դեպքում այն օգտագործվում է բողոքի ակցիաները կազմակերպելու, այդ մանդատի հիման վրա
անարգել ոստիկանական բաժանմունքներ և այլ վայրեր
մուտք գործելու համար»,- ասաց իրավապաշտպան
Մելիքյանը։
Ինչ վերաբերում է կանոնակարգ օրենքի պահանջներին՝ Մելիքյանն ասում է, որ այստեղ
խնդիրը բացակաների հարգելի լինել-չլինելու խնդիրն է և կարծում է, որ պիտի բացակաները
լինեն հարգելի, քանի որ պատգամվորներն իրենց տանը նստած չեն, այլ զբաղվում են քաղաքական
գործունեությամբ՝ ինչ համար էլ իրենց տրվել է
մանդատ։ Իսկ այդ գործունեությունն, ըստ Մելիքյանի՝ պաշտպանում են ՀՀ տասնյակ հազարավոր, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ։









