Ինչպես հայտնի
է ուղիղ չորս տարի առաջ, հասարակությանը լավ ապրելու, պայծառ ապագա կառուցելու հույսեր
տալով, Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Մարդը եկավ ու արեց ամեն ինչ, որպեսզի մինչ
այդ եղածն էլ փոշիացնի։ Փաշինյանը, փաստացի, չորս տարի իշխանության է և հասարակության կյանքում դրական
ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։
Ունենք այնպիսի
իրողություն, երբ գրեթե ամեն ինչ համատարած թանկացել է։ Քաղաքացիների մեծ մասի եկամուտները,
եթե նույնիսկ ավելացել են, ապա անհամեմատ ավելի քիչ, քան թանկացումների հետևանքով առաջացած
լրացուցիչ ծախսերն են։ Բանն այն է, որ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ,
ժամանակ առ ժամանակ փորձում են տպավորություն ստեղծել, որ աշխատավարձերն ավելի արագ
են աճել, քան գնաճը, բայց չեն ասում, որ թանկացումները, որին առնչվում են մարդիկ, միայն
այն չէ, ինչ ներկայացվում է, քան որ կան գնաճի պաշտոնական և իրական դրսևորումներ։ Իրական
գնաճի ազդեցությունն է, որ մարդիկ զգում են իրենց վրա, իսկ այդ ազդեցությունն անհամեմատ
ավելի մեծ է, քան պարզապես գնաճն է։
Բոլորս ենք հիշում,
նախկինում, երբ դեռ իշխանության չէր, Փաշինյանը լավ տարբերում էր գնաճի դրսևորումները։
Նա այդ ժամանակ դժգոհում էր անգամ 1-2 տոկոսանոց գնաճից, պարբերաբար հայտարարում էր,
որ դա ստացվել է իշխանությունների մանիպուլյացիաների արդյունքում, որ լայն սպառման
ապրանքների շուկաներում թանկացումները շատ ավելի մեծ չափերի են հասնում, քան իշխանությունների
ներկայացրած գնաճի միջին ցուցանիշն է։ Ասվածի մեջ անշուշտ, ճշմարտություն կա։ Բանն
այն է, որ միշտ էլ միջին գնաճն ավելի ցածր է եղել, քան առաջին անհրաժեշտության ապրանքներն
են թանկացել։ Փաստացի, այդպես էր՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, բայց հիմա Նիկոլն
այլևս չի խոսում մարդկանց վրա գնաճի իրական ազդեցության մասին, որը թելադրված է ավելի
հաճախ օգտագործվող ապրանքների կտրուկ թանկացումներից։ Այդպիսի ապրանքները քիչ չեն,
դրանք վերջին, հատկապես՝ 2 տարիներին հասցրել են էապես թանկանալ։
Փաստացի, թանկացումների
այն ալիքը, որին առնչվում ենք այս տարի, տեղի է ունենում անցած տարվա բարձր գնաճի ֆոնին։
Անցած տարի բազմաթիվ առաջին անհրաժեշտության ապրանքներ երկնիշ թանկացել են, այս տարի
էլ շարունակել են նույնքան կտրուկ թանկանալ։ Անցած տարվա մարտին ալյուրի և ձավարեղենի
գները նախորդ տարվա համեմատ բարձրացել էին 15,5 տոկոսով։ Բրնձի գնաճն անցած տարվա մարտին
կազմել էր 13,5 տոկոս, արդեն այս տարի, նախորդ տարվա թանկացման վրա, գները բարձրացել
են ևս 17 տոկոսով։ Մակարոնեղենն անցած տարի թանկացել էր 9,4 տոկոսով, այս տարի թանկացման
տեմպը ոչ միայն չի թուլացել, այլև կրկնակի արագացել է. 9,4 տոկոս թանկացման ֆոնին գները
բարձրացել են ևս 18,2 տոկոսով։
Ակնհայտ է, որ
սննդամթերքի և հատկապես՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացումների այսպիսի
օրինակները շատ են։ Բայց այնպես չէ, որ դա վերաբերում է միայն սննդամթերքին։ Ոչ պարենային
ապրանքների ու ծառայությունների շուկաներում ևս գնաճի պակաս չկա։ Դրա հետ գուցե և կարելի
էր համակերպվել, եթե գնաճին զուգահեռ՝ ունենայինք մարդկանց եկամուտների իրական աճ։
Շատ դեպքերում, անգամ իշխանությունների արձանագրած աշխատավարձերի բարձրացումներն ու
աշխատավարձի ֆոնդերի ավելացումները, քիչ կապ ունեն եկամուտների իրական աճերի հետ։ Դրանք
հաճախ պարզապես վիճակագրական աճեր են՝ կապված թաքնված աշխատավարձերի հայտարարագրվող
չափերի և ոչ թե՝ մարդկանց իրական եկամուտների ավելացումների հետ։ Գաղտնիք չէ, որ հարկային
մարմինները պարբերաբար պարտադրում են տնտեսվարողներին բարձրացնել հայտարարագրվող աշխատավարձերը՝
լավ իմանալով, որ դրանք երբեմն ավելի ցածր են, քան փաստացի վճարվողը։ Արդյունքում ստացվում
է, որ աշխատավարձերը վիճակագրությամբ բարձրանում են, բայց աշխատավարձի տեսքով մարդկանց
ստացված փաստացի եկամուտները չեն փոխվում։
Ըստ էության,
դա է պատճառներից մեկը, որ համատարած թանկացումների հետևանքով՝ աղքատանում են և՛ աշխատողները,
և՛ չաշխատողները, և՛ սոցիալական մյուս խմբերը։ Միանշանակ է, որ հասարակության մեջ մի
հատված, որի եկամուտները վերջին չորս տարիներին ավելի առաջանցիկ են աճել, քան գնաճը։
Դրանք ոչ միայն հարուստներն են ու բիզնեսի ներկայացուցիչները, այլև բարձրաստիճան պաշտոնյաները,
ովքեր, բարձր աշխատավարձից բացի, նաև բարձր հավելավճարներ ու պարգևավճարներ են ստանում։
Նրանց կյանքն իսկապես բարելավվել է, իսկ հասարակության հիմնական մասն էլի մնացել է
ձեռնունայն։
Այսօր ունենք
այնպիսի մի իրողություն, երբ հասարակությունը հերթական անգամ կանգնել է կոտրած տաշտակի
առաջ, քանի որ լավ ապրելու նրանց հույսերն այդպես էլ չարդարացան, ինչպես կարծում էին
չորս տարի առաջ՝ հավատալով Նիկոլի կեղծ խոստումներին։ Դաժան իրականությունն այն է,
որ հարուստներն ավելի են հարստացել, իսկ աղքատները՝ ավելի աղքատացել։
Արմեն Հովասափյան









