Նախօրեին տեղի
ունեցավ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նշենք, որ Արցախի
կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից
հետո բարձրացած ներքաղաքական բողոքի ալիքի ու Արցախում անհանգստությունների ֆոնին սա
նրանց առաջին հանդիպումն էր։ Մամուլում տեղեկություն տարածվեց, որ հանդիպման գլխավոր
ինտրիգը եղել է Արցախի կարգավիճակի հարցը և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայությունն
Արցախում: Հավելենք, որ Փաշինյանը մինչ Մոսկվա մեկնելը` Երևանում հանդիպել էր Արցախի
նախագահ Արայիկ Հարությունյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի
հետ: Նշենք, որ հանդիպման փաստի մասին պաշտոնական տեղեկատվություն առհասարակ չտրվեց,
սակայն ըստ որոշ ԶԼՄ-ների՝ Հարությունյանը Փաշինյանի հետ խոսել է այն մասին, որ արցախյան
խորհրդարանի ընդունած հայտարարության մեջ տեղ գտած շեշտադրումներն ընդունի ի գիտություն`
Մոսկվայում հանդիպումների ընթացքում, և «Արցախի հարցով մեկ միլիմետր անգամ չշեղվի դրանից»:
Շրջանառվող տեղեկությունների
համաձայն՝ արցախյան կողմն Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Փաշինյանի համար հստակեցրել
է, որ Արցախի կարգավիճակի հարցում որևէ զիջում անընդունելի է Արցախի համար: Ավելին,
Փաշինյանին հստակ հասկացրել են, որ եթե համաձայնի որևէ փաստաթղթի, որը կենթադրի կարգավիճակ
«Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում» կամ անկախությունից դուրս որևէ կարգավիճակ, ապա Արցախի
իշխանությունների հետ այլևս կարող է որևէ առնչություն չունենալ:
Ըստ էության,
հստակ ուղերձ են փոխանցել Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս լիազորված չէ խոսելու Արցախի
անունից ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Արևմուտքի հետ, քանի որ արցախյան կողմը չի վստահում
հակամարտությունը կարգավորելու արևմտյան ջանքերին, որի գլխավոր թիրախը ռուսական խաղաղապահներն
են Արցախում: Արցախում հասկանում են՝ երբ ռուսական զորքը դուրս գա Արցախից, ադրբեջանական
ու թուրքական զորքերը մտնելու են արցախցիներին ոչնչացնեն։ Ավելին՝ Արցախի իշխանությունները
չեն թաքցրել նաև իրենց համակրանքը ռուսական միջնորդության ու Արցախում ռուսական խաղաղապահ
կոնտինգենտի աշխատանքի նկատմամբ: Նրանց համոզմամբ՝ հակառակ դեպքում Փաշինյանն Արևմուտքի
թելադրմամբ հաջորդ քայլով Հայաստանից փորձելու է դուրս բերել ռուսական ռազմաբազան:
Այս ընդհանուր
գործընթացում հատկապես ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ վերջերս ավելի առարկայական
փուլ մտած, այսպես կոչված «Խաղաղության պայմանագրի» շուրջ Մոսկվայի և Ստեփանակերտի
մոտեցումները համընկնում են: Վերջին օրերին տեղեկություն կար, որ ապրիլի 19-ին Փաշինյանի
Մոսկվա կատարած պաշտոնական երկօրյա այցի ընթացքում ևս նրան հստակ մեսիջներ են փոխանցել,
որ ընթացք չտա Բրյուսելի հովանու ներքո Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր» բանակցելու
և Արցախի կարգավիճակը փոխելու ծրագրերին՝ փորձելով մնալ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի
բովանդակության շրջանակում:
Այնուհանդերձ,
չնայած Մոսկվայի և փակ, և դիվանագիտական մակարդակում արված ուղերձներին, նախօրեին հայտնի
դարձավ, որ Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը ևս
նախատեսվում է անցկացնել Բրյուսելում, այս մասին հայտնել է Իլհամ Ալիևը։ Ալիևը նշել
է, որ ԵՄ-ն, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ակտիվ դերակատարություն
է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում:
Ըստ էության,
ռուսները թե՛ փակ ռեժիմով բանակցությունների ընթացքում, թե՛ հրապարակային հայտարարություններով
ցույց են տալիս, որ ամենևին հետաքրքրված չեն «Խաղաղության պայմանագրի» հեռանկարով,
քանի որ դա ենթադրելու է Արցախի կարգավիճակի և ռուսական զորակազմի կարգավիճակի փոփոխություն:
Միանշանակ է, որ ռուս բարձրաստիճան շրջանակները վաղուց են հասկացել, որ Փաշինյանն աշխարհաքաղաքական
«խաղեր է տալիս», ավելին, նրանք ուղղակի Փաշինյանին չեն վստահում ու դա նկատի ունենալով՝
առաջ են քաշել հայ-ռուսական համատեղ հայտարարությունը՝ 30 կետով, որը, դիտարկվում է,
որ կարող է դառնալ հնարավոր միութենական պետության հիմքերը:
Ամփոփելով հատկանշական
է, որ այդ ամենը դիտարկվում է երկարաժամկետ ապագայի համար՝ հաշվի առնելով հանգամանքը,
որ ուկրաինական ճգնաժամն այս փուլում ՌԴ-ին թույլ չի տալու առաջ մղել միութենական պետության
օրակարգը, և ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումից կախված են աշխարհաքաղաքական շատ
ծրագրեր:
Արմեն Հովասափյան









