Մենք հանձնառու ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու հարցում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և որպես Միացյալ նահանգներ՝ ՀՀ-ի բարեկամ և գործընկեր, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Վերջին ամիսների ընթացքում պետքարտուղար Բլինքենը բազմաթիվ հեռախոսազանգեր է ունեցել երկրների ղեկավարների հետ՝ կոչ անելով իրավիճակի ապաէսկալացման, ինչպես նաև միմյանց հետ շփումների մեջ լինել խաղաղության գործընթացը կերտելու համար», - ասաց դեսպանը։
Նա հիշեցրեց, որ մարտի 25-ին հայտարարությամբ են հանդես եկել, որով ադրբեջանական զորքերի տեղաշարժի և իրավիճակի ապակայունացման ջանքերին են անդրադարձել։
«Կողմերին հորդորում ենք զերծ մնալ սպառնալի և թշնամական հռետորաբանությունից, ինչը չի օգնում գործընթացին։ Կասկած չկա, որ բանակցությունները դժվար կլինեն։ Սա բարդ հակամարտություն է, որը երկար տարիների ընթացքում է ձևավորվել։ Ողջունում ենք վարչապետի՝ անցած շաբաթվա խոսքը և կարևոր ենք համարում նրա այդ ուղերձը և բոլոր կողմերին կոչ ենք անում, որպեսզի հանդես գան խաղաղությանն աջակցող նման ուղերձներով», - ասաց Թրեյսին։









