Foto

Իշխանությունները փորձում են կասեցնել այս շարժման ընթացքը. Վանեցյան

5-րդ գիշերն է՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու շարժմանը միացած բազմաթիվ քաղաքացիներ գիշերում են Ազատության հրապարակում։ Ոտիկաններն առայսօր թույլ չեն տվել, որ Ազատության հրապարակում գիշերող մարդկանց համար վրաններ տեղադրվեն։ Ըստ Վանեցյանի՝ որոշումը քաղաքական է, և ոստիկանությունն ընդամենը կատարում է այդ հրամանը։

«Իշխանությունները, տեսնելով,որ Ազատության հրապարակում սկսված շարժումը թափ է հավաքում ոչ թե օր օրի, այլ՝ ժամ առ ժամ, փորձում են կասեցնել այս շարժման ընթացքը, բայց ուսում եմ ասել, որ դա չի հաջողվելու։ Կրկնում եմ, երբ ես եկա Ազատության հրապարակ, միայնակ էի, այսօր ականատես ենք, որ այն մշտապես լի է մարդկանցով։ Այստեղ գալիս են տարբեր քաղաքական հայացքների տեր, տարբեր նախասիրություններ ունեցող մարդիկ, ովքեր հասկանում են, որ սա պայքար է հանուն Հայաստանի և հանուն Արցախի, և այստեղ չի կարող լինել որևէ կուսակցական շահ, նեղ խմբի պայքար։ Սա համաժողովրդական շարժում է»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ ըստ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի՝ ԱԱԾ գործող տնօրենը պետք է այցելի Վանեցյանին, քանի որ վերջինս լուրջ անվտանգային խնդիրների մասին է բարձաձայնում, Վանեցյանը նշեց, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում անվտանգային համակարգը, իրոք, փլուզվել է ևպետք է արագ քայլեր ձեռնարկել՝ այն վերականգնելու ուղղությամբ։ Վանեցյանը նաև հերքեց այն լուրը, թե, իբր, ԱԱԾ գործող տնօրենն իր հետ կապ է հաստատել։

Դիմելով քաղաքացիներին՝ Վանեցյանը կրկին կոչ արեց միանալ համաժողովրդական պայքարին․ «Խնդրում և հորդորում եմ մեր քաղաքացիներին՝ գիտակցել մեր պայքարի իմաստը, չտրվել մանիպուլյացիաներին։ Սա պայքար է առանց կուսակցական դրոշների, առանց առաջնորդի։ Մենք բոլորս պայքարում ենք հանուն մեր հայրենիքի,հանուն մեր երկրի ապագայի»։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին։ Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։ Հաջորդ օրերին իրենց բողոքի ակցիաները սկսեցին 44-օրյայի մասնակցիներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը՝ հացադուլ հայտարարելով, որին հետո միացավ Մնացական Ավետիսյանը։ Այնուհետև համաժողովրդական պայքարին միացան պատերազմի ավագ սերնդի ներկայացուցիչները, 5165 շարժումը, հազարավոր քաղաքացիներ։