Foto

ՀՀ տնտեսական բլոկադայի հերթական շրջափուլը

Կար ժամանակ, երբ գործող իշխանությունները ՀՀ տնտեսության զարգացումները կապում էին վարկային շուկայի հետ։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ չկային ներդրումներ ու հիմնական հույսը վարկերն էին։ Կարևոր է փաստել, որ վերջին շրջանում վարկային շուկան էլ է դադարել ակտիվություն ցույց տալ։ Ավելին, ներդրումային միջավայրը նույնքան պասիվ է, որքան նախկինում էր։ Դրան գումարած, որ ավելացել են ռիսկերը՝ կապված ՌԴ տնտեսության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների, համաշխարհային տնտեսության զարգացումների դանդաղելու և ի հայտ եկած նոր խնդիրների հետ։ Եթե նախկինում նույնիսկ որոշակի ներդրումային հույսեր կային, հիմա դրանք էլ են հարցականի տակ։

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում դժվար է պատկերացնել, որ տնտեսական իրավիճակի սպասվող վատթարացման պայմաններում Ռուսաստանից ներդրումներ պիտի գան Հայաստան։ Առավել ևս՝ այն խիստ սահմանափակումների պայմաններում, որոնք ՌԴ  իշխանությունները կիրառում են ֆինանսական միջոցների տեղաշարժերի նկատմամբ։ Կասկածից վեր է, որ շատ կարճ ժամանակում այդ իրավիճակն ազդելու է Հայաստանում գործող ռուսական կապիտալով ընկերությունների կողմից իրականացվող ներդրումների վրա։ Դրան զուգահեռ, անկեղծ լինենք և արձանագրենք, որ չպետք է սպասել նոր, հատկապես՝ խոշոր ներդրումային պրոյեկտների։

Ի դեպ՝ ներդրումային մեծ ակնկալիքներ չեն կարող լինել նաև այլ երկրներից՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսական իրավիճակը։ Չնայած առանց դրա էլ, ներքին անվտանգային խնդիրներն ու անորոշությունները բավական են, որպեսզի ներդրողները խուսափեն փող ներդնել մեր տնտեսության մեջ։ Ու այս պայմաններում շարունակում է ուժեղանալ ճնշումը տնտեսության վրա նաև վարկային շուկայից։ Անցած տարի տնտեսության մեջ իրականացվող վարկային ներարկումների անկում արձանագրվեց. պորտֆելը կրճատվեց շուրջ 400-500 մլն դոլարով։ Այս տարվա սկզբին էլ վարկերը շարունակում են ավելի քիչ լինել, քան մեկ տարի առաջ էին։ Հրապարակված ամենաթարմ տվյալներով, բանկերի վարկային պորտֆելը կազմել է 3 տրիլիոն 651 մլրդ դրամ, ինչը 12 միլիարդով պակաս է նախորդ տարվա նույն ամսվանից։

Մասնագետները նշում են նաև, որ առաջիկայում սպասվում է, որ վարկային ներարկումները կշարունակեն կրճատվել՝ կապված ԿԲ կողմից իրականացվող կոշտ դրամավարկային քաղաքականության հետ։ Չմոռանանաք, որ ՀՀ-ում գոյություն ունեցող գնաճը մեղմելու նպատակով՝ ԿԲ-ն թանկացնում է փողը, ինչն իր հերթին նշանակում է, որ թանկանալու են նաև վարկերը։ Վերջին վերանայումից հետո վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասել է 9,25-ի, ինչը նախորդ 7 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։

Գաղտնիք չէ, որ վարկերի թանկացումը զսպում է բանկային կապիտալի մուտքը տնտեսության մեջ։ Դրան նպաստում է նաև տնտեսական իրավիճակի վատացումը, որն ազդում է շուկայի վարկունակության վրա։ Թերևս, դա է պատճառը, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ոչ միշտ է համարժեք արտահայտվում վարկային գնի վրա։ Այնուհանդերձ այդ ազդեցությունից դժվար է խուսափել։ Սպասումները, որ այս տարի մեր տնտեսության աճի տեմպն անհամեմատ ավելի ցածր կլինի, քան կանխատեսվում էր նախկինում, կապված են նաև սրա հետ։

Նշենք նաև, որ մինչ ԿԲ գործողություններից, ինչպես նաև արտաքին ու ներքին միջավայրերից տնտեսության վրա թելադրված բացասական ազդեցություններն առաջիկայում կշարունակեն զգացնել տալ, բանկային կապիտալի մասնակցությունը տնտեսական գործընթացներին կրճատվել է։ Դա առավել ակնհայտ է արտահայտվել հատկապես արդյունաբերության ոլորտում։ Մեկ տարի առաջվա համեմատ՝ տնտեսության այս ճյուղում բանկային կապիտալի մասնակցությունը կրճատվել է 63 մլրդ դրամով կամ գրեթե 130 մլն դոլարով։ Առևտրի ոլորտում վարկային կապիտալը մեկ տարվա ընթացքում կրճատվել է շուրջ 31 միլիարդով։ Ի դեպ՝ կրճատման ամենամեծ բաղադրիչը եղել է սպառողական վարկերի մասով։

Ամփոփելով արձանագրենք, որ տնային տնտեսությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վարկունակության անկումը ստիպում է բանկերին զգուշանալ սպառողական վարկերի տրամադրումից։ Հատկապես, որ վերջին տարիներին վարկային այս բաղադրիչը չափից դուրս ծանրաբեռնվել է։

Արմեն Հովասափյան