Հետևելով ՀՀ իշխանությունների
որդեգրած հակահայ քաղաքականությանը՝ մենք ականատես ենք լինում նրան, որ Նիկոլ Փաշինյանն
ու վարչախումբը փորձում են հնարավորինս հապճեպ ու շնչակտուր հարաբերություններ հաստատել
Ադրբեջանի հետ։ Այդ մասին ամեն առիթով հայտարարում են ոչ միայն Փաշինյանը, այլ
նաև իր «սազանդարները», ովքեր սպասում են, թե թեմայի հետ կապված ինչ թեզ կհնչեցնի Նիկոլը,
որպեսզի կազմակերպված տիրաժավորեն։  
Նախօրեին հայտնի դարձավ,
որ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ: Հաղորդագրության
մեջ նշվում է. «Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային
անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար
խնդիրների վերաբերյալ»: Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտնել էր, որ նախարարները մտքեր
են փոխանակել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման, hամատեղ սահմանային հանձնաժողովի
կազմակերպման, հումանիտար հարցերի և երկու երկրների ղեկավարների
միջև պայմանավորվածությունները շարունակելու շուրջ։
Ներկայումս, փաստացի, ունենք մի իրադրություն,
երբ չի գործում ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, որպես այդպիսին, այն փետրվարի 24-ից գոյություն
չունի։ Ի դեպ դեռևս 44-օրյա պատերազմից հետո այն, ըստ էության, չկար, քանի որ պատերազմի
ավարտին երկու համանախագահներն էական դերակատարություն չունեցան, և միայն ՌԴ-ն էր,
որը միջնորդական դեր ստանձնեց և արդյունքում՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունը ստորագրվեց:
Այստեղ սակայն շատ կարևոր է արձանագրել, որ եթե չկա համանախագահություն, չի նշանակում,
որ չկան համանախագահներ, որովհետև զուտ իրավական առումով ԵԱՀԿ-ն է ստեղծել Մինսկի խումբը,
ինչպես նաև ԵԱՀԿ-ն է 1995-ի մարտին հաստատել համանախագահության մանդատը, այստեղից տրամաբանական
է, որ համանախագահները կան և որպես համանախագահներ՝ առանձին կշարունակեն գործել:
Ըստ այդմ կարևոր է փաստել,
որ համանախագահությունը, որպես խումբ, այլևս չկա, կազմալուծված է, սակայն համանախագահները, որպես առանձին պետությունների
ներկայացուցիչներ, կշարունակեն իրենց աշխատանքը և կշարունակեն գնալ-գալ, սակայն դա
երկկողմ ձևաչափ է, այսինքն՝ վերջին շրջանում տեղի ունեցած առանձին այցերը պետք
է դիտարկել երկկողմ հարաբերությունների համատեքստում:
Միաժամանակ կարևոր է արձանագրել,
որ Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» շուրջ նախապատրաստական
աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են. (ըստ էության, դա տեղի է ունեցել մարտի
30-ին ՀՀ ԱԽ քարտուղարի և  Ադրբեջանի նախագահի արտաքին
հարաբերությունների գծով խորհրդականի Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմամբ):
Ըստ էության, կարող ենք փաստել, որ
Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցն այդ պրոցեսի երկրորդ քայլն է, չի բացառվում, որ
առաջիկայում ականատես լինենք գործընթացի երրորդ քայլին: Կարելի է կանխատեսել նաև, որ
երկրորդ էշելոնի հանդիպումներ առաջիկայում էլի կլինեն։ Տեղի ունեցող գործընթացները
խոսում են նրա մասին, որ Փաշինյանն ամբողջովին պատրաստ է քիրվայության սեզոնին և փորձում
է հանրությանը հարմարեցնել դրան։ 
Հետևելով թեմայի հետ կապված
աշխարհաքաղաքական դիրքորոշումներին՝ պարզ է դառնում, որ և՛ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն հակված են հայ-ադրբեջանական
հարաբերություններում տեսնել կայունություն: Սա պայմանավորված է նրանով, որ այս հարցում
երկուսի շահերը համընկնում են նույնիսկ, եթե միջնորդություններն առանձին, սեպարատ ուղղություններով
են ընթանում:
Առանցքային անհամաձայնեցումը
կապված է ռուս խաղաղապահների՝ Արցախում մնալու հարցի շուրջ: Արևմուտքը ցանկանում է,
որ եթե ռուսները ոչ ամբողջությամբ դուրս գան, գոնե չլինեն միայն ռուսներ, այլ, որ դա
լինի միջազգային առաքելություն, որտեղ կարող են լինել ռուսներ ու այլազգիներ, կամ այլազգիներ՝
առանց ռուսների: Տրամաբանական է, որ Ռուսաստանն այդ ցանկությունը չի կիսում, որովհետև
իր զորքերի առկայությունն Արցախում դիտարկում է՝ որպես ճնշման լծակ, ընդ որում, առաջին
հերթին՝ Ադրբեջանի նկատմամբ, և հասկանում է, որ եթե որոշակի թվով ռուսների փոխարեն
այնտեղ լինեն երկու անգամ պակաս այլ երկրների ներկայացուցիչներ, դա էականորեն կնվազեցնի
ռուսական լծակն Ադրբեջանի նկատմամբ: 
Արմեն Հովասափյան 
 
                 
                                








