Foto

Այդ պայմաններում ու՞ր ես գնում դեմարկացիա-դելիմիտացիա անում․ Արամ Վարդևանյան

«Հայտարարությունը մի քանի մասշտաբային թերություն ունի։ Առաջին՝ այնտեղ Արցախ բառը հիշատակված չէ։ Ինչպե՞ս է ստացվում, որ նույն ՀՀ այս իշխանությունները խոսում են Արցախում հումանիտար աղետի մասին և դրանից հետո ոչ մի բառ անգամ չի հիշատակվում չորս ժամ տևած քննարկումներից հետո ծնված հայտարարության մեջ։ Ինչպե՞ս չի խոսվում այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունն էթնիկ զտման քաղաքականություն է Արցախում։ Այսինքն՝ ՀՀ-ն դա չի պաշտպանում: Եթե դա լիներ սկզբունքային, դրույթ, պահանջ, չէր կարող դա չլինել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել բանակցություններին։

Արամ Վարդևանյանի դիտարկմամբ՝ մյուս հանգաման այն է, որ խոսվում է դեմարկացիա-դելիմիտացիայի մասին, մինչդեռ Ադրբեջանն Արցախում էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում: «Այսինքն՝ գնում ես դեմարկացիա-դելիմիտացիա անես մի երկրի հետ, որն էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում Արցախում, որն ընդհուպ մինչև գազ է անջատում, որ մարդկանց հոգեբանորեն ահաբեկի, որը մինչ օրս զինված գործողություններ է իրականացնում Արցախում։ Չեմ հասկանում՝ այս իշխանություններն ինչ է չե՞ն նկատում, որ մի քանի օր առաջ մենք հերթական անգամ զոհեր ենք ունեցել։

Այդ պայմաններում ու՞ր ես գնում դեմարկացիա-դելիմիտացիա անում»,- նշեց Վարդևանյանը։ «Այս խայտառակ իրավիճակի այլընտարնքը պատերազմը չէ, չի կարելի ՀՀ ներսում անհասկանալի վախեցնելու քաղաքականություն վարել, պատերազմի առկայության հնարավորության կամ այդ հանգամանքները չի նշանակում, որ պետք է դրա համար ամեն անգամ գնաս ու ամեն ձև քեզ «կզած» պահես»։ Մյուս հանգամանքը, որն առանձնացրեց Վարդևանյանն, այն էր, որ հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մասին ոչինչ նշված չէ: