Foto

Մեր պետությունը հիմա գտնվում է պետականազրկման ակտիվ փուլում․ Ալեն Ղևոնդյան

Երեկ հրապարակում տեղի ունեցավ ընդդիմադիր ուժերի հերթական հավաքը։ Ըստ Իրազեկ քաղաքացիների միավորում  հասարակական կազմակերպության՝ հավաքին ներկա էր 11 200 քաղաքացի, սակայն այս անգամ ընդդիմությունը հայտարարեց, որ կարևորը մարդկանց քանակ ապահովելը չէ։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը կիսում է կարծիք և վստահեցնում, որ ընդդիմությունն այդ հանրահավքներն ինքնանպատակ չի անում։ «Մեր պետությունը հիմա գտնվում է պետականազրկման ակտիվ փուլում։ Այս հավաքն առաջին հերթին պետք է դիտարկել Արցախն Ադրբեջանին հանձնելու իշխանության հակապետական գործողության դեմ պայքարի տեսանկյունից։ Պետք է արձանագրենք, որ կարիք ունենք արցախյան  երկրորդ ազատագրական պայքար սկսելու։ Պատմական փաստ է, որ Հայաստանի անկախացումը սկիզբ է դրվել Արցախյան շարժումով։ Եթե այսօր որևէ մեկն իր հակահայկական քայլերով ուզում է Արցախը հանձնել Ադրբեջանին, պետք է հասկանա, որ ինքը Արցախը չի հանձնում, այլ՝ Հայաստանը, իսկ այս երկիրը որբի գլուխ չի, որ ամեն մի չստացված խմբագիր որոշի ու գաղտնի բանակցությունների մեջ մտնի և որոշում կայացնի՝ հայն ապրելու է իր երկրում, թե այլևս չի ապրելու։ Ինքն այդ ամեն ինչի իրավունքը չունի։ Ընդհանրապես ինքը ստացել է Հայաստանում ապրող բնակչության 22 տոկոսի քվեն։ Մյուս կողմից էլ ընդդիմությունը պետք է հասկանա, որ այդ հավաքը պետք է լինի մեկնարկ՝ առարկայական, այդ թվում նաև կոշտ և բավանկանին լավ մտածված քայլերի շարունակություն։ Քաղաքական փիառը, ամիբիցիաները պետականազրկման այս փուլում անթույլատրելի են,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ղևոնդյանը։

Մասնագետի վերջին միտքը կարծես երեկվա հանրահավաքում արդեն կիրառում էին։ Էական չէր, թե որ  քաղաքական ուժերեն էին հրավիրել հավաքը՝ մարդիկ եկել էին  զուտ հայրենիքն այս վիճակից հանելու մեջ որևէ ներդրում ունենալու։ Չշեշտվեց, թե ով է կազմակերպել, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հավասարապես էին աշխատում և խոսքը բացառապես կառուցում  էին, ոչ թե ընդդեմ իշխանության, այլ՝ հանուն Արցախի կոնտեքստում։ Հավաքը բաց էր բոլոր քաղաքական ուժերի համար, իսկ խոսափողն արդեն երիտասարդների ձեռքում էր։ Երրորդ նախագահի ներկայությունն իհակե կարևոր է, սակայն նա ելույթ չունեցավ՝ այդ կերպ հավաքն անձնավորվելուց հեռու պահեց։

Քաղաքագետ Ղևոնդյանի գնահատմամբ Արցախից ևս դրական ազդակներ կան։ «Արցախի խորհրդարանի պատգամավորներն իրենց հրապարակային խոսքում նշում են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այդ թեզը պետք է քայլ առ քայլ կամ շատ կտրուկ իրականացնել։ Այն չպետք է զուտ ականջահաճո արտահայտություն լինի, այն պետք է դառնա գործողությունների պլան՝ հետևողական քայլերով, որը կենթադրի միջոցներ և մեխանիզմներ»,- նշեց քաղաքագետը։

Ալեն Ղևոնդյանն ասում է, որ ընդդիմության քայլերը պետք է լինեն մշակված, հետևողական, համակարգված, կամքով և վճռականությամբ լի, բայց ոչ մինչև պայքարը բացահայտելի։ Կարիք կա նաև քաղաքացիների հետ մեծ աշխատանք տանելու։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան